ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շատ հաճախ Շտապ օգնության աշխատակիցները ուշանում են կամ, առհասարակ, հրաժարվում են կանչ ընդունել, ընդ որում, ամենեւին կապ չունի՝ զանգը պայմանավորված է կորոնավիրուսով, թե ոչ:  Ու թեեւ հաճախ լսում ենք, որ Շտապ օգնության ծառայության մեքենաները ավելացել են, այնոուամենայնիվ, Շտապ օգնությունը շտապ կանչ ու բուժօգնություն չի իրականացնում շատ հաճախ։

Իհարկե, հասկանալի է, որ այս տարի Շտապ օգնության համակարգում խնդիրները շատ էին՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, իսկ հետո էլ՝ Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի պատճառով։ Սակայն այժմ զինվորների տեղափոխման անհրաժեշտություն էլ չկա, մնացել է միայն կորոնավիրուսը, որի թվերի մեջ էլ նվազման միտում կա, սակայն Շտապ օգնության ոլորտում խնդիրներ կան ու շարունակվում են չլուծվել։  Ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, նախ, ընդգծեց, թե հիմա ավելի հանգիստ իրավիճակ է, եւ այդպիսի ուշացումները կարող են կապված լինել այցելության վայրում նախատեսվածից ավելի երկար ժամանակով մնալու հանգամանքով: «Հանգիստ է, բայց ոչ այդքան հանգիստ: Սակայն դեռ կորոնավիրուսի թվերը բարձր են, եւ տեղափոխումները շատ են: Ավտոմեքենաներն իրենք իրենցով բավականացնում են: Այստեղ խնդիրն ավելի շատ այն գործառույթներն են, որ մենք անում ենք, օրինակ՝ տեղափոխում են մարզեր, կամ լինում է, որ կովիդով հիվանդի տանը մնում ենք ավելի երկար, քան նախատեսված է: Նման խնդիրներ են առաջանում», – նշեց նա: Ստեփանյանը հավելեց, որ կորոնովիրուսային իրավիճակից զատ կանչերն այնքան էլ չեն ավելացել: Նա նաեւ ընդհանուր տվյալներ ներկայացրեց: «Դեկտեմբերի 17-ին, օրինակ, ունեցել ենք 969 կանչ, դա քիչ չէ: Իսկ դրանից մեկ օր առաջ ունեցել ենք 990 կանչ»։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել մարդու առողջության իրավունքը։Սահմանադրության 85-րդ դրույթը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:

 

 

 

Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր: Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի եւ դրա հետեւանքների պատասխանատուներից մեկը: Այսպիսով, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ եւ հեռանալ, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե: Ընդ որում, տեղեկցանք, որ հանդիպման նախաձեռնողը հենց խմբակցությունն է եղել, քանի որ հաճախ հանդիպումների ժամանակ հարց է բարձրաձայնվել, թե ուր է Արմեն Գրիգորյանը, ինչով է զբաղվում: Եվ, ահա, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Արմեն Գրիգորյանին հրավիրել էին խորհրդարան եւ քննադատել՝ ասելով, որ պետք է հրաժարական տա: Սակայն Արմեն Գրիգորյանը պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը եւս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել եւ չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաեւ 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։ Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Բանն այն է, որ ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, ինչպես նաեւ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության կողմից հայտարարված գործադուլին եւ դասադուլին: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաեւ ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով եւ առաջիկա անելիքների տեսլականով:

 

 

 

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 3824։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 4065: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 241-ով նվազել են։ Օրինակ՝ միայն այս տարվա հոտեմբերին արձանագրվել է կենդանու կողմից տուժելու 316 դեպք։ Նկատենք, որ Հայաստանում, հատապես՝ Երեւանում, քաղաքացիների մտահոգությունը ճանապարհներին թափառող շներն են։ Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս բարձրաձայնել է, սակայն հարցը շարունակում է օդում կախված մնալ։  Ի դեպ, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ ՀՀ Լոռու, Գեղարքունիքի մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա նշված մարզերում, բայց քաղաքացիներից բողոքներ ստացել եւ ստանում է Վանաձորի քաղաքապետարանը։ Քաղաքացիների պատմելով՝ անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում, աղբարկղի միջի պարունակությունը հանում, փողոցով մեկ շաղ են տալիս:

 




Լրահոս