«ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՆ ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԴԵՄ Է». ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես երբեք փողոց դուրս չեմ եկել, քանի որ դա իմ սկզբունքներին դեմ է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության եւ մտավորականների վերջին օրերի քայլերին։

 

«Ես անկեղծորեն ամեն վայրկյան ցավում եմ մեր հերոսացած տղաների համար, նրանց սխրանքն անգնահատելի է, նման չափ ու կշիռ չկա, որպեսզի կարողանամ երախտաիգտությունս հայտնել։ Բայց փողոց դուրս գալ եւ ինչ-որ բան պահանջել իմ սկզբունքներին դեմ է, այն, ինչ որ կատարվեց եւ կատարվում է, ավելի խորն է, քան մեզ թվում է։ Ամեն մեկն էլ կարող է իր կարծիքն ունենալ, եւ, ի վերջո, գոյություն ունի պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, ովքեր պետք է զբաղվեն նման հարցերով, որոնք, ցավոք սրտի, չկան, ինչը բացահայտում չէ մեզ համար, որ չկան։ Չկան բառիս բուն իմաստով, չկա թիմ, չկա մարդկանց խումբ, ովքեր պետք է պետության կառավարման տարբեր օղակներում պրոֆեսիոնալ աշխատանք տանեն, լինեն թիմային»,- նշեց դերասանուհին։

Աննա Էլբակյանը լիահույս է, որ հեղափոխությունից հետո կփլվի ագահության եւ չարիքի գահը, բայց ինչպես ինքն է նշում, սխալվել է. «Ես կարծում էի՝ երբ կփլվի ագահ, շահադիտական, չար թիմի գործունեությունը, կկազմվի նոր մարդկանց խումբ, նոր թիմ, որոնք կլինեն պրոֆեսիոնալ, որոնք գոնե կփորձեն մեր երկիրը տանել ճիշտ հիմքեր դնելու եւ կառուցելու ճանապարհով, այսինքն՝ այն, ինչի համար եղավ հեղափոխությունը։ Հեղափոխությունը նրա համար չէ, որ ուղղակի դատապարտի հինը։ Հնի մեջ էլ կային շատ լավ եւ դրական բաներ, ինչպես նաեւ կային բազում բացասական բաներ։ Ես դրա մասին խոսել եմ, երբ նա նստեց իր գահին, որը փաստորեն գահ էր, ոչ թե մի տեղ, որը պետք է ծառայեր ժողովրդին։ Երկուսուկես տարի ուղղակի ամբողջ կառավարման գործունեությունը գնում էր նրա վրա՝  սեւացնել մի բան եւ ապացուցել, որ դա սեւ է, ինչը մեզ՝ ժողովրդիս, վաղուց հայտնի էր»։

Աննա Էլբակյանի խոսքով՝ մեր երկրում կուսակցությունների հանդեպ նվիրվածությունն ավելի շատ է, քան հայրենիքի։

«Այստեղ ամենակարեւորը մի անձի լինել-չլինելու հարցը չէ։ Ես սատարում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր չերեւալով անում են իրենց գործը, ամենակարեւորը՝ ազնվորեն անում են նպատակային եւ տալիս են արդյունք։ Ես նման մարդկանց կողմից եմ։ Այն մարդիկ, ովքեր դուրս են եկել եւ գոռում են, դա էլ անպայմանորեն պետք է, քանի որ իրենք իրենց համարում են դեպուտատներ, քաղաքական գործիչներ, կուսակցություններ։ Ցավն այն է, որ կուսակցությունների հանդեպ նվիրվածությունն ավելի շատ է, քան հայրենիքի, ինչը ինձ համար անընդունելի է։ Նոյեմբերի 9-ի այդ ստորագրությունը արդյունքն է մեր միասնական չլինելու։ Ամեն տեղ պառակտում է, ամեն տեղ անհամաձայնություն՝ թե՛ ընտանիքում, թե՛ երկրում։ Մարդիկ պետք է իրար ընդունեն եւ փորձեն հասկանալ այնպիսին, ինչպիսին որ կան։ Պետք է հասկանան, որ ամեն մեկն իր մասնագիտության մեջ պետք է դառնա թիմ, որպեսզի նման դավաճանություններ չլինեն»,- հավելեց դերասանուհին։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԻՐԻՆԱ ԲԵԶՐՈՒԿՈՎԱՆ ՊԱՏՄԵԼ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սերգեյ Բեզրուկովի նախկին կնոջ՝ դերասանուհի Իրինա Բեզրուկովան բարդ փորձությունների միջով է անցել։ 5 տարի առաջ աստղը հողին հանձնեց իր եւ դերասան Իգոր Լիվանովի միակ որդուն՝ Անդրեյ Լիվանովին, 15 տարվա ամուսնությունից հետո բաժանվեց Սերգեյից: Ինչպես խոստովանել է դերասանուհին, այդ ժամանակ նա ստիպված է եղել կրկին վերադառնալ մասնագիտությանը, եւ դրանում նրան օգնել է Ռուբեն Դիշդիշյանը։

 

«Երկար տարիներ զբաղվել եմ ընտանիքով, ամուսնուս գործերով…Մեծացրել եմ որդուս, եւ մասնագիտությունս երկրորդ պլան մղվեց։ Ավելի ու ավելի հաճախ էր հնչում՝ «այսինչի կին է», «Դրյուի մայրն է»: Հետո եղավ այն, ինչ եղավ, եւ ես չգիտեի՝ ունեմ ես ընդհանրապես «վաղը», եւ ինչպիսին կլինի այն: Ես հազվադեպ եմ օգնության համար դիմում, դա շատ դժվար է անելը: Ավելի դյուրին է ինքս օգնեմ, այդպես եմ ստեղծված։ Բայց այս անգամ, ամաչելը հաղթահարելով, դիմեցի Ռուբեն Դիշդիշյանին, ինձ աշխատանք էր հարկավոր, որպեսզի գոյատեւեմ այս բառի բոլոր իմաստներով: Այդ պահին արդեն նկարահանվում էր «Երկրաշարժ» ֆիլմը, բոլոր գլխավոր դերերում դերասանները հաստատվել էին, եւ այնտեղ մնացել էին միայն դրվագները: Ռուբեն Լեւոնովիչն ինձ առաջարկեց բորտուղեկցորդուհու փոքրիկ դերը, եւ ես կառչեցի դրանից այնպես, ինչպես խեղդվողը ծեղիկից։ Ես մինչ օրս անասելի շնորհակալ եմ նրան այդ հնարավորության համար։ Մենք նկարահանեցինք նաեւ Գյումրիում (Լենինական), եւ այդ ուղեւորությունն ինձ փոխեց։ Քաղաքը, որն այդպես էլ չվերականգնվեց այդ ողբերգությունից հետո… Շատերը մի քանի վայրկյանում կորցրին սիրելիներին: Մարդիկ չարացած չեն ճակատագրի վրա, բաց սրտերով են: Հրաշալի տաղանդավոր գործընկերներ։ Շնորհակալությո՛ւն բոլորին։ Ուրախ կլինեմ կրկին հանդիպել», – գրել է դերասանուհին իր Ֆեյսբուքյան էջում։

 

 

ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: 28-ամյա Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը պայմանագիր կառաջարկի իսպանացի կիսապաշտպանին, եթե չկարողանա համաձայնության գալ ֆրանսիական «Լիոնի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսեմ Աուարի տեղափոխության հարցում: «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել էր ձեռք բերել Աուարին, սակայն այդպես էլ չէր կարողացել համաձայնության գալ «Լիոնի» ղեկավարության հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսկոն Արքայական ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել: Իսկոն «Ռեալի» ֆուտբոլիստ է 2013 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

 

 

ՍԱՀՄԱՆԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԳԻՆԸ

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը սահմանել է թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի հրաժարագինը: Իտալական ակումբը պատրաստ է հրաժարվել 26-ամյա հարձակվողի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 15 միլիոն եվրոյի առաջարկ: Միլիկի տեղափոխությամբ հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Լեհաստանի հավաքականը ներկայացնող հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Միլիկը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Նապոլիի» կազմում:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 12-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը: «Մենք խաղից խաղ առաջադիմում ենք: Գիտեինք, որ դժվար հանդիպում է սպասվում, սակայն լավ էինք պատրաստվել եւ արժանի էինք հաղթանակի: «Տորինոն» որոշ դժվարություններ ստեղծեց մեզ համար, մենք պետք է հասկանանք մեր սխալները եւ հաջորդ խաղերում չկրկնենք դրանք: Մի քանի օր ժամանակ ունենք «Ատալանտայի» հետ հանդիպմանը պատրաստվելու համար: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում, պետք է ուսումնասիրենք մրցակցին եւ հասկանանք, թե ինչպես ենք գործելու: Ինչ վերաբերում է մրցաշրջանին, ապա առջեւում դեռ շատ հանդիպումներ կան, եւ դեռ վաղ է չեմպիոնության մասին խոսելու համար: Մենք պետք է ձգտենք հաղթանակ տանել ամեն հաջորդ խաղում:

 

 

 




Լրահոս