ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Խոսքը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում արված մի հայտարարության մասին է, որով նա անդրադարձել էր «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին՝ ընդունված 2010 թվականին, չորրորդ գումարման խորհրդարանի կողմից: Նա հայտարարեց, թե Հայաստանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն էլ ընդունվել էր 2010 թվականին։ Նրա խոսքով՝ օրինակ՝ Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահման:
«Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010 թվականին առավել եւս դավաճանություն էր»,- նշեց նա եւ կոչ արեց պարզաբանում ստանալ նաեւ այդ ժամանակ Սյունիքի մարզի պատգամավորից:
Գրել էինք՝ այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների, օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս:
Նկատենք՝ այդ օրենքն առաջին անգամ ընդունվել էր 1995 թվականին, ապա փոփոխություն կատարվել 2010 թվականին: ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թ.-ի օրենքն է, սա նույն՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների մասին 2010թ. օրենքն է: Եվ թերեւս շատերը պնդում են, թե սա ընդամենը վարչատարածքային բաժանման մասին օրենք է, սակայն նկատենք, որ 1995 թվականին ընդունված առաջին փաստաթղթում Ադրբեջանի մասին որեւէ հիշատակում չկա, իսկ երկրորդում «Ադրբեջանի Հանրապետություն» արտահայտությունը կիրառվում է 320 անգամ, ինչպես նշվեց վերը:
Եւ հետաքրքիր է, որ այս օրենքի ընդունումից 11 ամիս անց՝ 2011-ին տեղի ունեցավ Կազանի հանդիպումը: Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ երկու տասնյակից ավելի հանդիպումներից եւ ոչ մեկը չէր եղել այս աստիճան գովազդված, ինչքան Կազանում կայացած հանդիպումը:
Եվ այսպես, Կազանում ոչինչ չստորագրվեց, իսկ տարածված հայտարարությունն ընդամենը այն փաստի արձանագրումն էր, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով դեռ երկար ժամանակ կշարունակվի: Կազանի փաստաթուղթը, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն են՝ որոշակի փոփոխությունների ենթարկված: Կազանի փաստաթուղթը բաղկացած էր 14 կետից եւ ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաեւ նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում էին երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին: Մարմինների նույնականացման եւ ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից՝ 1218 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին։ Նախարարությունը նշում է, որ հետազոտությունները եւ նույնականացումները շարունակվում են:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 2 ԱՆՁԻ
Գլխավոր դատախազության տվյալներով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող 2 քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Ըստ դատախազության՝ մեկ անձի էլ մեղադրանք է առաջադրվել այս հանցագործությանն օժանդակելու համար։
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի տեղակալ։ Մելքոմյանի նշանակման հարցը քննարկվում էր Երեւանի ավագանու երեկվա նիստում։ Մելքոմ Մելքոնյանն այս պաշտոնում կփոխարինի Տիգրան Վիրաբյանին։ Որոշումն ընդունվել է ձայների 34 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
250 ՏՈՆՆԱ ԲԵՌ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ 35 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ 9 վագոններից 5 բաց պլատֆորմներից արդեն բեռնաթափվել է 250 տոննա բեռ՝ մեկ տասնյակից ավելի դիզելային գեներատոր, հրշեջ ավտոցիստեռներ, մարդատար «Ուազ» մեքենաններ, 280 խորանարդ մետր փայտանյութ, կենցաղային իրեր։ Ռուսաստանի ԱԻՆ-ից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ սա Ղարաբաղ ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է։ Հումանիտար օգնությունը նախատեսված է Ղարաբաղի պատերազմից տուժած շրջանների համար։
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի մի քանի գերատեսչություններ վաճառքի են հանել ծառայողական ավտոմեքենաներ: Բնականաբար, աճուրդի հանված ավտոմեքենաները հին տարեթվի արտադրության են եւ օգտագործած։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ծառայողական ավտոմեքենան: Խոսքը «Lexus LX 470» մակնիշի ավտոմեքենայի մասին է. այն վաճառելու որոշումը կայացվեց կառավարության դեկտեմբերի 3-ի նիստին: Ըստ գործադիրի՝ մեքենայի վաճառքն իրականացվում է վարչապետի հանձնարարականի շրջանակում՝ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացն ապահովելու նպատակով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2002 թվականի արտադրության այս ավտոմեքենայի վաճառքի գինը կազմում է 5 մլն 856 հազար դրամ, նախավճարը՝ 292 հազար 800 դրամ: Հայտնի է նաեւ աճուրդի օրը. այն կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին: Բացի այս, վաճառքի է հանվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան, որը գնահատվել է 1 մլն 179 հազար դրամ: Այս մեքենայի աճուրդը կկայանա հունվարի 13-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեքենայի շարժիչն ու փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքն ունի մասնակի վերանորոգման կարիք, իսկ ընթացային մասն ու մարտկոցն անբավարար վիճակում են: Վաճառքի հանված ծառայողական ավտոմեքենաների թվում է նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 1999 թվականի արտադրության «BMW 750 ILS» մեքենան, որը զրահապատ է, բայց փոխանցման տուփը վնասված է եւ ենթակա է վերանորոգման: Նշված ավտոմեքենան վաճառքի է հանվել 4.5 մլն դրամով: Փաստորեն, գերատեսչությունները անցել են խնայողությունների ռեժիմի. լծվել են իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ՝ ԱԺ-ՈՒՄ
Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրամանագրով Լիլիթ Մինասյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: ԱԺ նախագահի մեկ այլ հրամանագրով Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից: