Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևը, որով խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու համար հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդյունքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան և Արցախի ու նրա բնակչության դեմ շարունակվող պատերազմական հռետորաբանության և սպառնալիքների քաղաքականուԱնդրադարձաթյունը։

Կարևորում ենք, որ բանաձևում խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։

Հատկանշական է, որ բանաձևում կարևորվում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը և զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաև նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության ու դրանց հեղինակների իրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Համոզված ենք, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը կդառնա միջազգային հանրության կարևոր կոլեկտիվ ներդրումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»,- ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։։




Լրահոս