ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԷԼԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍԿՍՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: Երեկ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ պատերազմից հետո առաջին հանդիպումից հետո այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե հանդիպման  ժամանակ այդ հարցի կարգավորմանը հասնել չեն կարողացել:

Նկատենք՝ հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին, սակայն, հստակ տեղեկություն չկա: Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո:

Սակայն մոսկովյան առաջին հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, թե համաձայնություն ձեռք չի բերվել, իսկ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը: «Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»,- ասաց Փաշինյանը: Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը:

Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք հանդիպումից հետո: Հանդիպման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինի հետ: Նա շատ կարեւոր համարեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը: «Եռակողմ հանդիպումը շատ կարեւոր էր, որը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ հայտարարությունից, այլ շատ կարեւոր հարցեր եւս քննարկվել են, որոնց մասին բարձրաձայնումներ չեղան: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ առանց ռուսական կողմի միջնորդության, չի հաջողվում հարցերը տեղից շարժել, խոսքը վերաբերում է նաեւ հայտարարությունում նշված կետերին, այդ թվում՝ տրանսպորտային ճանապարհներին, տնտեսական կապերին: Միայն ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին: Իհարկե, բոլոր հարցերի լուծումը մեծ ջանքեր է պահանջում եւ մեծ աշխատանք, որին ռուսական կողմը պատրաստ է», – վստահեցրեց փորձագերը։

Այսպիսով, պետք է փաստենք, որ Ալիեւն իր համար ղարաբաղյան կոնֆլիկտը համարում է լուծված, իսկ մենք դեռ ոչ միայն ռազմագերիների, այլեւ Արցախի կարգավիճակի հարց ու մի շարք այլ անորոշություններ ունենք։ Պատերազմից հետո ունենք բզկտված ներքին կյանք ու կորսված հայրենիք։

 

 

 

Որքան էլ գործող իշխանությունը ձեւացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին։ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից։ Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական  պատճառով։ Իսկ խմբակցության միասնականության «պատասխանատուները» կարծում են, թե ԱԺ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից։ Սոֆիա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները իր խմբակցությունից դուրս գալով։ Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ մի քանի շարքայիններ իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի։ Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ։ Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են։

 

 

 

2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ 5 օրից կլրանա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մեկ տարին, եւ ամենակարեւոր հարցը՝  ինչու նա գնաց այդ ծայրահեղ քայլին, այդպես էլ չունեցավ իր պատասխանը: Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ մեկ տարի տեւած քննության արդյունքում Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են 10 -ից ավելի փորձաքննություններ, քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Նկատենք, որ ի վերջո վարույթն իրականացնող մարմինը մեկ տարի շարունակ քննեց միայն ինքնասպանության վարկածը:  Եվ այժմ, մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կասեցնել քրեական գործով քննությունը: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: Ասել է թե՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահը այդպես էլ մնաց առեղծված:

 

 

 

 

Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է  նաեւ  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձեւակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար: Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել։ Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է։ Ի դեպ, այդ օրենքի շատ ձեւակերպումներ նաեւ հակասահմանադրական են։ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել եւ օպտիմալ փոփոխություններ կատարել: Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

 




Լրահոս