ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ                 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակցային սեղանին անձի փոփոխություն է անհրաժեշտ, եւ քանի դեռ փոփոխություն չկա, գերիների վերադարձի խնդրով զբաղվում է այս իշխանությունը, հարցը գնալու է փակուղի: Որքան թվացյալ ակտիվ են նրանք զբաղվում գործով, այնքան բարդությունները մեծանում են»,- նշում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծելու մասին։

 

«Այս խնդիրը եւս գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ուստի մեր իշխանությունները ոչ թե պետք է Ադրբեջանի համաձայնությունը ստանան, այլ թե՛ բանակցային սեղանին, թե՛ դրանից դուրս Ադրբեջանին պարտադրեն իրավական պարտականությունների կատարումը: Մենք անտրամաբանական իրավիճակում ենք հայտնվում. եթե Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրում խնդրին, միջազգային աղմուկ չի բարձրացնում, ապա ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքների նկատմամբ  նոր իրավունքներ տալը. բարոյական եւ տրամաբանական բացատրություն այստեղ չկա»,-ասաց նա:

«Հայաստանը միակողմանի զիջումների գնաց եւ դրա դիմաց չստացավ ռազմագերիներին: Ամեն դեպքում, մեր քաղաքացիներն անպաշտպան չեն, եւ որքան էլ հայաստանյան իշխանություններն անտեսեն քաղաքացիների իրավունքները, իրավապաշտպանական կառույցների ջանքերով մենք վերականգնելու ենք մեր իրավունքները միջազգային ատյանների կողմից, պարզապես սա տեւական գործընթաց է, եւ գերիների ընտանիքի անդամները տառապելու են անորոշությունից»,- ընդգծեց նա։

Իրավապաշտպանը ներկայացրեց, որ, իրենց կողմից ամփոփած տվյալներով, Ադրբեջանում կան 120-ից ավելի հայ գերիներ, եւ այդ դեպքերի առնչությամբ կան անհերքելի ապացույցներ: «Այս պահին դեռ 120-ից ավել անձ որպես գերի եւ ռազմագերի պետք է հայրենադարձվեն, թիվը չի ներառում արդեն իսկ վերադարձած 58 անձանց: Կարող եմ ասել, որ նրանք միջազգայնորեն պետք է համարվեն գերիներ կամ ռազմագերիներ, սակայն Ադրբեջանը արհեստականորեն զրկում է կարգավիճակից, փոխակերպում է անում, իսկ  նպատակն իրենց կողմից կատարված չհիմնավորված ձգձգումները հանցագործություն չդիտարկելն է. որպեսզի ինքնամաքրվի հանցագործությունից, պետք է արհեստական նոր հիմք ստեղծի անձանց պահելու համար, եւ դրա կարճ ճանապարհը գերիներին հանցագործ ներկայացնելն է»:

Իրավապաշտպանը նաեւ նշեց, որ այս թեզը եւս գործող չէ, քանի որ հայկական կողմն արդեն Ադրբեջանին տվել է հանցագործների, եւ այս առումով ադրբեջանական կողմի դիրքորոշումը խոցելի է, եթե անգամ առաջ բերվի այն հարցը, թե նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթում նշված փոխանակման գործընթացը չի ներառում հանցագործներին:

Ն. Հ.

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական»,- ասված է որոշման մեջ: Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

 

 

 

ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ

Հայաստանում տոնական օրերից առաջ եւ դրանից հետո նկատվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը վերջին 14 օրերին 0.84 է, իսկ դրանց նախորդող ժամանակահատվածում այդ ցուցանիշը 1.43 է եղել: «Պետք է չմոռանանք, որ տոնական օրերին տարատեսակ շփումներ են եղել, կանխատեսվում է, որ առաջիկայում ակտիվացում կունենանք: Եթե ուսումնական պրոցեսների փաստն էլ դիտարկենք, ապա վարակի հետ կապված որոշակի ավելացում կունենանք»,- ասել է Գայանես Սահակյանը: Անդրադառնալով կրկնավարակներին՝ մասնագետը նկատել է, որ դեռ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի սահմանում, թե որն է կրկնավարակը:

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին եւ 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։ «Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվող եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Մոսկվայում հունվարի 11-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչեւ 2021թ. հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաեւ կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ համաձայնեցված այլ ուղղություններ:

 

 

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՏՈՒՄ Է

Եվրամիությունը ձգտում է Թուրքիայի հետ վերականգնել կառուցողական հարաբերությունները. հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Ստանոյի խոսքով՝ ԵՄ-ն այդ նպատակին հասնելու ուղղությամբ աշխատել է ամբողջ 2020 թվականի ընթացքում: Նրա խոսքով՝ հանգստյան օրերին ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ եվրոպացի պաշտոնյաների միջեւ տեսազանգի ընթացքում քննարկվել է «կառուցողական հարաբերությունների վերականգնման ճանապարհին գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»։ Էրդողանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը վիրտուալ բանակցություններ են վարել շաբաթ օրը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ինչպես սպասվում է, Բրյուսել կայցելի հունվարի 21-ին բանակցությունները շարունակելու համար։

 

 




Լրահոս