Հայաստանում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.2 տոկոսով: Միայն բանջարեղենի շուկայում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 35.9 տոկոսի չափով գնաճ: Մեկ ամսվա ընթացքում միրգը թանկացել է 6.5 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով, հացն է թանկացել․ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում դեկտեմբերին նոյեմբերի արձանագրվել է 4.2 տոկոս գնաճ։ Օրինակ հացի գնաճը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կազմել է 6.1, իսկ ալյուրինը՝ 2.2 տոկոս: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում եւս գնաճ է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նշված շուկաներում գնաճը կազմել է 3.6 տոկոսի չափով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձվի գինը թանկացել է 13.1 տոկոսով։ Շաքարավազի շուկան եւս անմասն չի մնացել թանկացումից, շաքարավազի գինը մեկ ամսում բարձրացել է 3 տոկոսով։ Իսկ ահա մսամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս։ Օրինակ, թռչնամսի գինը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բարձրացել է 8.3 տոկոսով։ Բարձրացել է նաեւ ձկնամթերքի գինը՝ 0.1 տոկոսով։ Իսկ ահա ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0.2, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն թանկացել են 0.5 տոկոսով:
Սյունէ Համբարձումյան