Դեռեւս դեկտեմբերի 22-ին «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարեց, որ իրենք այլեւս Հանրապետության հրապարակից տուն չեն գնալու, մնալու են վրաններում այնքան ժամանակ մինչեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի:
ArmLur.am -ը տեղեկացավ, որ այս օրերին փողոցում իշխանության հրաժարական պահանջող քաղաքական ուժերը հերթապահություն են իրականացնում հրապարակում տեղադրված վրաններում: Բանն այն է, որ ամեն օր մի քաղաքական կուսակցություն, որը կիսում է շարժման օրակարգը, իր թիմակիցների հետ գիշերում է վրանում:
ArmLur.am-ը եղել է Հանրապետության հրապարակում տեղակայված վրանում, որը մի քանի վրաններից դարձել է մեկ մեծ վրան: Քաղաքական կուսակցություններն այնտեղ նստարաններ են տեղադրել, վառարան, սուրճի եւ թեյի շուրջ քննարկումներ ու զրույցներ են անցկացնում: Մեր այցի ժամանակ այնտեղ հերթապահություն էին իրակնացնում «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր թեժ քննարկում էին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը:
Ի դեպ, նշենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, թե նախաձեռնել է մարզային այցելություններ: Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան