ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը:
Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:
Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի: