ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հագուստն ու կոշիկը թանկացել է. տարբեր ոլորտներում գնաճ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճ արձանագրվել է Հայաստանի ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքների շուկայում։ ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.3 տոկոս գնաճ: Միայն հագուստի շուկայում գրանցվել է 1.7 տոկոս գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0.8տոկոսով։ Ի դեպ, հագուստի եւ կոշիկի շուկաներում առաջիկայում եւս գնաճ է արձանագրվելու։

Ինչպես հայտնի է՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը, այդ թվում նաեւ՝ ագուստն ու կոշիկը։ Այս արգելքը խիստ մտահոգել է առեւտրականներին եւ նրանք ստիպված են լինելու հագուստ, կոշիկ ներկրել Չինաստանից, որը լրացուցիչ ծախսեր է առաջացնում նրանց համար։ Եւ այս ծախսերը փոքր-ինչ մեղմացնելու նպատակով առեւտրականները մտադիր են թանկացնել իրենց ունեցած ապրանքը։ Նույն պատկերն է նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայում, որովետեւ այս ապրանքների մեծ մասը եւս ներկրվում էր Թուրքիայից։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մաքրող, լվացող միջոցների շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.2 տոկոս։ Իսկ ահա դեղագործական ապրանքները թանկացել են 3.2 տոկոսով։

Զգալի գնաճ արձանագրվել է ոսկերչական զարդերի շուկայում։ Պաշտոնապես՝ ոսկերչական զարդերը թանկացել են՝ 7.5 տոկոսով։ Ըստ մասնագետների՝ ոսկերչական զարդերի թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է։ Դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայի վրա․ Հ վիճակագրական կոմիտեի տվյալներով, բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4.1 եւ 2.9 տոկոսով։ Օրինակ, հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370, իսկ պրեմիումի մեկ լիտրը՝ 390 դրամով։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս