ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ ԳՅՈՒՂԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի ու «ԲլուՕրչարդ Ֆայնենս» ՍՊԸ-ի միջեւ «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 700 հազար եվրո որպես անհատույց աջակցություն։

 

«Աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես ծրագրի շրջանակներում վաճառված ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։ Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը եւ պետական մուծումների հետ կապված Ֆինանսների նախարարության կամ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ի կրած այլ ծախսերը։ Հարկ է նշել, որ նախ կօգտագործվեն համաձայնագրի նախագծով տրամադրվող 700 հազար եվրո միջոցները, որից հետո միայն KfW-ի կողմից տրամադրված միջոցները։ Նշված միջոցներից 524 հազար 139.38 եվրոն հատկացվում է առանց համամասնական սկզբունքի, իսկ մնացած 175 հազար 860.62 եվրո գումարը (KfW-ի ողջ ֆինանսավորման հետ միասին) պետք է վճարվի համամասնական սկզբունքով Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 5,000,000 եվրոյի հետ միասին»։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ եւ համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձեւավորելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ֆինանսների նախարարության, եւ KfW-ի միջեւ գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը, եւ 4,824,139.38 եվրո ՀՀ կառավարության կողմից հատկացված 5,000,000 եվրո միջոցների հետ միասին կուղղվեն գյուղատնտեսության ոլորտում ապահովագրավճարների սուբսիդավորմանը։

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ՝ հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի եւ խնձորի այգիները եւ հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ եւ հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտ եւ հրդեհ ռիսկից ծիրանի եւ խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի եւ հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ  բոլոր մարզերը։

Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի եւ Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, եւ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգիներ եւ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։

 

 

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎԵԼ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչեւ 2040 թվականը) եւ դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում վերջին տարիների զարգացումները, տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաեւ նպատակ ունենալով նախանշել եւ մեկտեղել էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ուղենիշները՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը: «2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը: Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչեւ 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները եւ դրա իրագործումն ապահովող միջոցառումները»,- ասված է հիմնավորման մեջ:

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿԿՆՔՎԵՆ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Բելառուսի միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի  կնքման մասին նախագծին: Ըստ հիմնավորման՝ դրանք նախատեսված են ՀՀ  կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ հաստատված «Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի)  իրականացմանն  ուղղված գործողությունների ժամանակացույցի» հավելվածի 229-րդ կետով: ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ հետընդունման մասին» համաձայնագրի եւ դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների  քաղաքացիների  եւ  քաղաքացիություն չունեցող անձանց  հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում: Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձեւակերպում` համաձայնագրով սահմանելով,  իսկ  կիրարկման  արձանագրությամբ կոնկրետացնելով կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձեւը,  ժամկետները եւ այլն»,- ասված է հիմնավորման մեջ:

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ  ԿՆՈՋ Է ԾԵԾԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է  Արթուր Գառնիկի Գեւորգյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2019թ. հունիսի 1-ին հյուրընկալվելով Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքի Շիրոտնյա  փողոցի 25 շենքի 99 բնակարանում՝ այդ բնակարանի բնակչուհի Իրինա Մարկովայի հետ  ժամը 23:30-ի սահմաններում վիճաբանել է իր կողմից բնակարանը լքելու հարցի շուրջ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է  հասցրել Իրինա Մարկովայի գլխին՝ նրան պատճառելով առողջության կարճատեւ քայքայում, այնուհետեւ Իրինա Մարկովայի հասցեին տվել է  սպանության սպառնալիքներ։  Արթուր  Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը») եւ 137 հոդվածի 1-ին մասով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելը կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

 

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԻՏԵԼԻ՞Ք Է ՀԱՐԿԱՎՈՐ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տարեմուտի իր  խոսքում   դեկտեմբերի 31-ին հույս է հայտնել, որ  օր առաջ կավարտեն անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները, եւ օր առաջ հայրենիք կվերադարձնեն  գերեվարված  տղաներին: Հայկ Չոբանյանը նշել է, որ  մեծ աշխատանք ունեն անելու վիրավորների վերականգնման, կյանքին իրենց ինտեգրման ուղղությամբ, պետք է օգնեն, որպեսզի նրանք նոր մասնագիտություններ ստանան եւ լիարժեք կյանքով ապրեն: Մարզպետը նաեւ հայտնել  է, թե ինչ էր հարկավոր Արցախում տեղի ունեցած վերջին պատերազմում հաղթելու համար՝ ասելով. «Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք եւ  գիտելիք պետք է ունենանք»:

 

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ, ԲԱՅՑ ՆՎԵՐՆԵՐ ՏՐՎԵԼ ԵՆ

Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի գյուղական բնակավայրեր միավորող  Բերդ խոշոր համայնքում, պայմանավորված  Հայաստանում  ստեղծված իրավիճակով,  Ամանորի ավանդական տոնական միջոցառումները չեղարկվել են: Սակայն Բերդի համայնքապետարանը դժվարին այս ժամակաշրջանում երեխաներին ժպիտ պարգեւելու նպատակով ամանորյա նվերներ է  փոխանցել համայնքի 2500 երեխայի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս