ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 3 ԴԵՄ ՁԱՅՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեք դեմ ձայնով ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը: Նա նշել է, որ նախագիծը վերաբերում է մայիսի 21-ին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ փորձելու են պետություն եւ ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ֆոնդը կարողանա ռեալ ներդրումներ կատարել ռեալ ընկերությունների մեջ:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկում, բանավեճ է եղել, եւ այդ հարցով կառավարությունում չկա միասնական կարծիք, դիրքորոշում, եւ որոշվել է բաց քվեարկությամբ հարցին լուծում տալ: Նա ասել է, որ փորձ է արվել էքսպերիմենտալ գործիք ներդնել:  «Ըստ էության, փաստարկների երկու խումբն ունեն իրենց հիմնավորումները, սակայն հիմա պետք է արձանագրենք, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք, հույս ունենք, կունենա, եւ դրա պատճառ եւ մեղավոր համարվում են սահմանված կանոնները, թե ինչպես պետք է ներդրումները տեղի ունենան: Իմ ընկալումն այն է, որ եթե այս ճանապարհը մինչեւ այստեղ եկել ենք, եկեք շարունակենք եւ տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում, մանավանդ որ ինչ-որ բան անելն այս իրավիճակում ավելի լավ է, քան չանելը»,-ասել է նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինչ-որ բան չանելու պնդումը ճիշտ չի համարել ու նշել, որ արդեն ընտրած կանոններն արդար են: «Համաձայն չեմ նրա հետ, որ օժանդակության միջոցառումները նպատակին չեն ծառայել կամ թերի են»,- հայտնել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր հիմնադրվող բիզնեսի պարագայում սեփական ներդրումը պետք է լինի դրամական միջոցներով, երկրորդ՝ նույն չափով բանկից վարկ վերցնելու համաձայնությունն է։ «Հիմա առաջարկվում է երկու կանոն էլ հանել։ Իսկ կարո՞ղ է լավ կոմպրոմիս լինի, որ մենք առաջին կանոնը հանենք, երկրորդը թողնենք։ Այսինքն՝ նոր ստեղծվող ընկերությունը կարող է ոչ թե դրամական միջոց է ներդնում, այլ ինտելեկտուալ կամ շենք-շինություն»,-ասել է վարչապետը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքել է, որ առաջին կանոնը հանում են ոչ թե նրա համար, որ այն չի թողնում ներդրումներ անել, այլ որովհետեւ իրենք ընդհանրապես չեն ուզում ներդրումներ անել նոր ընկերություններում՝ դա համարելով ռիսկային նմանատիպ ֆոնդերի համար։ «Ես ուզում եմ ասել հետեւյալը՝ մենք հիմա խոսում ենք՝ անել, թե չանել մի բան, որը կարող է առաջացնել ինչ-որ ռիսկ, ես իմ նախորդ 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում անընդհատ լսում եմ՝ սա ռիսկ է առաջացնում։ Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան անել, որովհետեւ կա ռիսկ։ Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ եւ չվախենալ սխալներ գործելուց»,-ասել է նախարարը՝ նշելով, թե կառավարության գործընկերներին եւս կոչ է անում լինել համարձակ։

Այսպիսով, նախագիծն ընդունվել է. դեմ է քվեարկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

 

 

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ՝ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների եւ այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2021 թվականի հունվարի 27-ը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունից: «Հայաստանում եւ Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում, եւ 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2021թ. հունվարի 20-ը։ Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ գտնվելու պահանջը հանվել է. այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։ Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020թ) եւս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։

Այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։ Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաեւ Հայաստանի անձնագրային կենտրոններ): Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաեւ հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետեւողական։ Այդուհանդերձ, եթե կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում? դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։ Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռեւս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում»,-փոխանցել են նախարարությունից:

 

 

 

ՔԱՐԻՆՏԱԿՑԻ ԿՆՈՋ ԱՃՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ Թալիշի, Հադրութի եւ Մատաղիսի ուղղություններով, որտեղ  զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Տեղեկացնենք, որ առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց  թիվը 1230 է:

 

 

 

448 ԴԵՊՔ

Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ը` առողջացած, 2963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած եւ 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:

 

 




Լրահոս