ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ ՖԻԼՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՕՍԿԱՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը  ArmLur.am-ի հետ խոսել է Ամանորը դիմավորելու, առաջիկա անելիքների, որպես ռեժիսոր հանդես գալու եւ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը ֆիլմ ներկայացնելու մասին:

 

«Այս տարի Ամանորը դիմավորել ենք ընտանիքով տանը, տանից դուրս չենք եկել: Այս Նոր տարին առանձնանում էր մեզ համար, քանի որ երեխայի առաջին Նոր տարին էր: Իրականում ինձ համար Ամանորը սկսվում է փետրվարի 12-ից հետո: Ես մի քիչ խորացած եմ աստղագիտության մեջ, կարելի է ասել՝ դա նաեւ չինացիների Նոր տարին է, բայց դա ոչ թե չինական Նոր տարին է, այլ մեր հին հայկականն է՝ դեռ շումերական ժամանակներից, երբ աստղերով էին  հետաքրքրված, եւ իրականում հենց դա ենք մենք ստեղծել, այդ ամեն ինչը: Այսպիսով, ինձ համար տարին սկսում է փետրվարի 12-ից, դրա համար ես հիմա սպասում եմ, որ առնետի տարին վերջանա, եւ սկսենք ցուլով»,- մեզ հետ զրույցում Ամանորի եւ իր պատկերացումների մասին հայտնեց դերասանը:

Արման Նշանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը, նշեց, որ այս տարի սպասվում է բուռն տարի: Դերասանն անհամբեր սպասում է ապրիլ ամսին կայանալիք հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը, որին ֆիլմ է ներկայացրել նաեւ նա՝ հանդես գալով արդեն ռեժիսորի դերում:

««Օսկար» մրցանակաբաշխությանն այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Սողոմոնի երգերը» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Կոմիտասի եւ Համիդյան ջարդերի մասին, որն ամբողջության գրեթե նկարահանվել է Արցախում, Շուշիում եւ այլ վայրերում, որն այսօր, ցավոք, մեզ  չի պատկանում, եւ շատ հուզիչ է ամեն անգամ այդ ֆիլմը նայելիս: Ֆիլմն արդեն գնվել է ամերիկյան մեծ կամպանյայի կողմից, որը ներկայացնում է ամերիկյան եւ եվրոպական  ֆիլմերը, եւ տարբեր երկրների կինոթատրոններում կցուցադրվի, եւ հնարավորություն կլինի աշխարհին ցույց տալու, որ 120 տարի առաջ նույնն է տեղի ունեցել, ինչ որ հիմա: Այս նույն ռուս-թուրքական հակամարտություններն են, որի արդյունքում էլ մենք տուժում ենք: Պատմությունը միշտ կրկնվում է, եւ, ցավոք, մենք դասեր չենք քաղում: Այսօր ֆիլմում տեսնում  եմ այն, ինչ որ տեղի է ունեցել այն ժամանակ»,-ընդգծում է դերասանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «Օսկար»-ում այնքան կարեւոր չէ հաղթանակը, որքան այն, որ ֆիլմը հնարավորություն ստացավ բարձրանալու մեծ էկրաններին եւ աշխարհին ցույց տալու մեր պատմությունը. «Հնարավորություն է ցույց տալու, թե ով ենք մենք եղել եւ որտեղից ենք սերվել»:

Արմանի խոսքով՝ այս վերջին շրջանում նա ավելի շատ հանդես է գալիս ռեժիսորի դերում, այլ ոչ թե դերասանի. «Դերասանի մասնագիտությունս մղվել է ավելի շատ երկրորդ պլան, հիմա հետաքրքրված եմ ռեժիսորայով: Երբ դերասան ես, ապա դու ստիպված ես մտնել ուրիշի կերպարի, աշխարահայացքի, ասելիքի մեջ, իսկ ես հասկացել եմ, որ ես շատ ասելիքներ ունեմ՝ առաջնորդված մեր ազգով, եւ արդեն նկարահանվել է իմ երկրորդ գեղարվեստական ֆիլմը: Ես արդեն կարողանում եմ ընտրել խաղալ այնտեղ, այն ֆիլմում, որն արժեք ունի ինձ համար»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

 

 

ՏԱՐԻՆ ԿՍԿՍԻ «ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՅՈՎ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարին կսկսի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ, որը երաժշտասերները կարող են վայելել հունվարի 31-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Ներկայումս «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ՓԱՌԱՏՈՆԸ

Երեւանի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի փառատոնը հունվարի 27-ին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հատուկ միջոցառում կիրականացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին տեղի կունենա 2020 թվականի փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, մանրամասներ կներկայացվեն 2021 թվականի փառատոնի ծրագրերի վերաբերյալ, կկազմակերպվի Վրեժ Քասունու երգիծանկարների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կփոխանցվի բարեգործական ծրագրերի:

Նույն օրը կցուցադրվի գերմանացի երգիծանկարիչ Ռեյնհարդ Կլայսթի եւ հայկական FIX (Freedom is Expensive) խմբի համատեղ համերգ-պերֆորմանսը:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը 2020-ին անցկացվել է առցանց եղանակով։ Փառատոնի շրջանակում REA-ON հարթակում կազմակերպվել են առցանց աշխատարաններ, որոնցում հանդես են եկել կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք իրենց հարուստ փորձն են փոխանցել մասնակիցներին եւ հնարավորություն ընձեռել հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի կինոգործիչների փորձին։

 

 

ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Երեւանի «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է նորից մարզչական աշխատանքի անցնել: Այս մասին գրում է ղազախական Kazfootball կայքը: Ըստ պարբերականի՝ Մինասյանն այն հավակնորդ մարզիչների թվում է, ովքեր կարող են ստանձնել «Տարազ» ակումբի ղեկը: Մինասյանը մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ՝ «Փյունիկ»-ում, «Արարատ-Արմենիա»-ում եւ Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի եւ կրել 14 պարտություն: Նա եղել է նաեւ ղազախական «Տոբոլ»-ի մարզիչը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին, իսկ 2015 թվականին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

 

 

 

ՌԵԿՈՐԴԸ ԿՐԿՆԵԼ Է

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի եւ Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է գերմանացի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի խաղում «Բավարիա»-ն մրցեց «Աուգսբուրգ»-ի հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով` բաց չթողնելով ոչ մի գնդակ: Նոյերի համար այն 196-րդ առանց գնդակ բաց թողնելու հանդիպումն էր, ինչը ռեկորդային է: Նույն արդյունքը ժամանակին գրանցել է նաեւ «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը: Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2011թ.: Մյունխենյան ակումբում անցկացրած 10 տարիների ընթացքում Նոյերը 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, նույնքան անգամ՝ սուպերգավաթակիր, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը եւ մեկ անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալը:

 

 

 

ՆՈՐԱՄՈՒՏԸ ՏՈՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Անդրե Չալըշըրը նորամուտն է տոնել Հունաստանում: Հունաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ապոլոն Սմիրնիս»-ն, որտեղ հանդես է գալիս Չալըշըրը, մրցեց Աթենքի ԱԵԿ-ի հետ: «Ապոլոն Սմիրնիս» զիջեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրը «Ապոլոն Սմիրնիս»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին եւ արժանացավ դեղին քարտի: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին:

 

 




Լրահոս