ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին թողել են միայնակ. համայնքապետերը հրաժարվել են հանդիպել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ գործուղվել էր Սյունիքի մարզ: Նշենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Եռակողմ հայտարարությունից հետո սա փոխվարչապետի առաջին այցն էր Սյունիքի մարզ. մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանն էր այցելություն ունեցել, սակայն այն ընդհատվել էր հենց վարչապետի որոշմամբ՝ հաշվի առնելով այն լօարվածությունը, որն առկա էր մարզում: Եվ չնայած փոխվարչապետի այցը տեղի ունեցավ եւ վերջինս անգամ խորհրդակցություն էր անցկացրել, սակայն Սյունիքի համայնքապետերից շատերը հրաժարվել էին հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենալ Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ եւ Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։ ArmLur.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հաստատեց, որ հանդիպում չի եղել եւ իրենք չեն ցանկացել հանդիպել փոխվարչապետին: Մյուս ղեկավարների հետ զրուցել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել են նաեւ Կապանի, Սիսիանի եւ Քաջարանի ղեկավարները:

Իսկ ահա Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանն էլ Շուռնուխում պատահաբար է հանդիպել Տիգրան Ավինյանին՝ առանց նախապես պայմանավորված լինելու եւ զրուցել են:

Հավելենք, որ այցից հետո Ավինյանը հայտնեց՝ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս