«Ժողովուրդ» օրաթերթն այսօր 10 տարեկան դարձավ: Թերթի խմբագրակազմը երկընտրանքի առջեւ էր՝ ինչպես նշել այդքան սպասված տոնը: Հրապարակային-մարդաշատ լուռ միջոցառում կազմակերպե՞լ, թե՞ ինքնամփոփ՝ հավաքվել խմբագրությունում եւ վերջ:
Ի վերջո՝ որոշեցինք հոբելյանական 10 ամյակի օրը սկսել «Եռաբլուր» պանթեոն այցելելով, որ հարգանքի տուրք մատուցենք մեր հայրենիքի համար ընկածներին եւ շնորհակալություն հայտնենք նրանց՝ հայրենիք ունենալու համար:
Ապա մոմ վառեցինք՝ մեր երկրի խաղաղության եւ բարեկեցության համար՝ ներողություն խնդրելով Արցախում զոհված մեր եղբայրներից:
Այնուհետեւ խմբագրությունում փոքրիկ արարողություն կազմակերպեցինք. Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի հետ աղոթեցինք, ապաշխարհեցինք ու մեր երկրի փրկության ուղիների մասին հոգեւոր զրույց ունեցանք:
Իհարկե, սիրտ ու հավես չկա հոբելյան նշելու. մեր երկիրը այս օրերին դեռ շարունակում է 2 ճակատով պատերազմել՝ համավարակի եւ Ադրբեջանի դեմ՝ նույնիսկ հրադադարի պայմաններում: Սակայն կյանքը շարունակվում է եւ պետք է նաեւ ուրախ առիթները նշել: Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում համազգային սթափության պայմաններում կունենանք մրցունակ բանակ, տնտեսապես հզորացող երկիր եւ բարգավաճող սերունդ:
Մանրամասները՝ տեսանյութում