ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ իշխանությունները կեղծ օրակարգ են առաջ բերել՝ արտահերթ ընտրությունները: ArmLur.am-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի հասարակությունից ու հեռանա: Մեր զրուցակիցը պատմել է նաեւ, թե ինչու խորհրդարանի դահլիճ չի մտնում:
-ԱԺ-ում գնալով իրավիճակը փոխվում է, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նույնիսկ որոշվել է խորհրդարանն ինքնալուծարել եւ նոր խորհրդարան ձեւավորել: Հնարավո՞ր է լուծարել հենց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով, եւ Դուք տեսնո՞ւմ եք նախադրյալ ընտրությունների:
-Չասեմ նախադրյալ, բայց ես ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Ինչի՞ համար լուծարել Ազգային Ժողովը: Ո՞ր գործառույթի մեջ է թերացել: Էն որ Աժ-ում իրանքաքայլականների մեջ կան մարդիկ, որոնց էստեղ լինելը բացարձակ որեւէ օրինաչափության չի համապատասխանում, դա ուրիշ հարց է: Բայց կոնկրետ ի՞նչ չի արել Աժ-ն, որ հիմա պետք է լուծարվի: Այն, ինչ որ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, ինքը թող նամուս ունենա, հեռանա: Ինքը չի հեռանում, Ազգային Ժողովն է լուծարում: Թող ինքը հրաժարական տա, ընդհանրապես չմիջամտի ընտրական գործընթացին:
-Բայց, կարծես թե, ընդդիմությանն էլ չհաջողվեց փողոցային պայքարում հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Հիմա քաղաքական լիդերներն են որոշել հանդիպել, քննարկել, թե ինչ պետք է անել: Ինչո՞ւ ընդդիմությունը համարձակ քայլեր չի անում, հրաժարականի պահանջն առաջ չի տանում:
-Ես, իհարկե, իրավունք չունեմ խոսել ամբողջ ընդդիմության անունից, ես ներկայացնում եմ մեկ քաղաքական ուժ, բայց ես դրա համար ոչ թե քաղաքական ուժի տեսակետ կարտահայտեմ, այլ իմ անձնական կարծիքը: Նախ, այո, այն, որ ընդդիմության մեջ կար անկազմակերպվածություն, ես ընդունում եմ: Կար նաեւ եղանակային խնդիրների պայման, որովհետեւ մարդիկ սոված-ծարավ գալիս, ժամերով կանգնում էին, ու ի՞նչ էր ստացվում արդյունքում. «առանց Նիկոլ Հայաստան», ծափ, ծափ եւ վերջ: Դա անարդյունավետ էր: Ու նաեւ զոհերի հարցն էր: Նրանց հարազատներն այս պահին սիրտ ու հավես չունեն դուրս գալ փողոց: Հիմա այս պայմաններում մարդկանց չենք կարող մեղադրել, որ նրանք անպայման պետք է գան: Վերջին հանրահավաքը, որ տեղի ունեցավ, քաղաքական ծագումնաբանություն չուներ: Բայց դրանից ինքն ավելի վախեցավ, որովհետեւ էստեղ կար վճռականություն: Եթե այդ օրը 5000 մարդ ավել լիներ, էդ օրն ինչ պետք էր, արվելու էր: Բայց Նիկոլ Փաշինյանն օգտվեց դրանից ու ավելի շատ ոստիկան հանեց քաղաքացիների դեմ:
-Ընդդիմությունն ի՞նչ քայլեր պետք է անի հարցին լուծում տալու համար:
-Ես գտնում եմ, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա: Այսօր կա մեկ հրամայական, մեկ պահանջ, եւ այդ պահանջը պաշտպանում է հայ ազգին: Դրա համար ինքը պետք է նամուս ունենա, մի քիչ իրեն հարգի, հրաժարական տա: Կգա նոր վարչապետ, կբերի իր նոր կազմը՝ նորմալ, որոկյալ մասնագետներով: Ուզում է՝ էնպիսի մարդկանց դեսպան նշանակի, որ ընդհանրապես դիվանագիտական ծառայությունից ոչ մի բան չեն հասկանում, այն էլ՝ այնպիսի պետություններում, որոնց հետ մենք պետք է պատասխանատու հարաբերություններ ունենանք: Արդեն համեմատություն չեմ գտնում:
-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ եք բոյկոտում խորհրդարանի աշխատանքները:
-Ես չեմ բոյկոտում: Ես իմ գործն անում եմ իմ աշխատասենյակում, օրենսդրական նախաձեռնությունները նույն տեմպով շարունակում եմ: Իսկ նիստերին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ իրենք այդպիսի ծրագիր ունեն, որ դիմակով մտնեմ դահլիճ, եւ այդ հիմքով մի անգամ նախազգուշացում եմ ստացել: Եթե նորից նախազգուշացում լինի, ինչ-որ «չեպե» է լինելու, եւ ինձնից էլ ազատվեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱԳՆ-Ն ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին եւ կազմակերպություններին առավելագույն զգույշ եւ կոռեկտ լինել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորման վրա:
«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե, իբր, վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների եւ որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։
Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել եւ վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:
Կոչ ենք անում բոլոր երկրներին եւ կազմակերպություններին առավելագույն զգույշ եւ կոռեկտ լինել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաեւ վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:
Դիվանագիտական էթիկետը չի կարող եւ չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու եւ ամրագրելու եւ միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»,- նշված է հայտարարության մեջ:
ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ
Անցյալ տարի օդային փոխադրումների ոլորտը մեծ վնասներ կրեց կորոնավիրուսի պատճառով, դրան ավելացավ նաեւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը: Այս պատճառները մեծ ազդեցություն են թողել նաեւ հարկային մուտքերի վրա: Ընկերություններ կան, որոնք 2020 թվականին չգործելու հետեւանքով զգալի նվազեցրել են պետական բյուջե վճարվող հարկային վճարները: Այդ ընկերություններից է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 2019 թվականի ընթացքում պետական բյուջե կատարել է 9 մլրդ 342 մլն 772 հազար դրամի չափով հարկային վճարումներ, իսկ, ահա, մեկ տարի անց՝ 2020 թվականին, այս թիվն ավելի քան 50 տոկոսով նվազել է: Միայն մեկ տարվա ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանը պետական բյուջե վճարել է 5 մլրդ 277 մլն 813 հազար դրամով քիչ հարկ ու տուրք:
Նշենք, որ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է 4 մլրդ 64 մլն 959 հազար դրամի հարկային վճարում: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ 2019 թվականին «Զվարթնոց» օդանավակայանից օգտվել է 3 մլն 48 հազար 859 ուղեւոր, իսկ 2020-ին նրանց թիվը կազմել է 790 հազար 827: Մեկ տարվա ընթացքում տարբերությունը կազմել է 2 մլն 258 հազար 32:
ՄԱՐՏՈՒՆԱԿ
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության մեջ փոփոխություններ չեն նկատվում. առցանց ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը վերջին տարիներին ՀԱՊԿ բոլոր միջոցառումների, առաջին հերթին՝ զորավարժությունների ժամանակ «ցուցադրել է պատրաստվածության բավականին բարձր մակարդակ»: «Հարկ է հասկանալ, որ Հայաստանի ԶՈՒ-ն մեր հավաքական պաշտպանության ուժերի մասն է միայն: Եվ, իհարկե, չնայած (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությանը՝ մենք փոփոխություններ չենք տեսնում մեր հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության մեջ»,- շեշտել է Զասը: «Հակառակը՝ ամեն տարի մեր ուժերն ուժեղացնում ենք»,- նշել է նա: