Գաղտնիք չէ, որ Երեւանում տրանսպորտային ցանցի վիճակը միշտ էլ վատ է եղել: Բոլոր քաղաքային իշխանությունների ժամանակ էլ քաղաքացիները դժգոհել են տրանսպորտի վիճակից, անմխիթար վիճակում գտնվող գազելներից: Սակայն քաղաքային նոր իշխանությունները հայտարարում էին, թե վերջ են տալու գազելներին՝ դրանց անվանելով մահվան գազելներ եւ հանրությանը հույս տալով, թե առաջիկայում տրանսպորտային ցանցում ավտոբուսներ կլինեն: Անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց ավտոբուսի մեջից զանգահարել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ հարցրել, թե երբ ավտոբուսներ կլինեն:
Անգամ նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում հունվարի կեսից հանրային նոր ավտոբուսներ կերթևեկեն։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ իրականում խոսքը 100 գազելների մասին է, որի միայն առաջին խմբաքանակն է տեղ հասել: Արդեն երեկ նույն քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ շուքով հայտարարեց ոչ թե ավտոբուսների, այլ գազելների շահագործման մասին:
Ստացվում է՝ Հայկ Մարությանը եւ իշխանությունները, որոնք ամեն օր քննադատում էին նախորդ իշխանություններին՝ գազելների առկայության եւ տրանսպորտային համակարգի խնդիրները չլուծելու մեջ, իշխանության գալուց երեք տարի անց որոշել է լուծել այդ հարցը՝ սակայն կրկին գազելներ բերելով: Սակայն ավելի ուշագրավ է, որ Հայկ Մարությանը ընդամենը 100 գազելներ ձեռք բերելը ներկայացնում է որպես մեծ երեւույթ, մատուցում էպիկ երաժշտությամբ համեմված մոնտաժով՝ փորձելով ցույց տալ, թե գործ է անում: Սակայն իրականում ոչինչ չի փոխվել եւ Հայկ Մարությանը մահվան գազելները փոխարինեց կրկին գազելներով:
Հավելենք, որ քաղաքային նախկին իշխանությունների ժամանակ էլ գործում էր հարյուրավոր գծեր, որոնցից յուրաքանչյուրը շահագործում էր միջինը 30-40 գազել:
Մանրամասները՝ տեսանյութում