«Ես միշտ փորձել եմ ինքնուրույն ներկայացնել իմ հայացքները՝ անկախ ժամանակաշրջանից, անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության գլուխը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով մտավորականության ակտիվությանը եւ երկրում ստեղծված իրավիճակին:
«Ես դժվարանում եմ ասել եւ այնքան էլ չեմ սիրում այդ մտավորականություն տերմինը, որը ենթադրում է որոշակի կարգավիճակ, եւ ամենեւին էլ պարտադիր չէ՝ բոլոր արվեստի մարդիկ համարվեն մտավորական: Մտավորականը կարող է լինել ե՛ւ բժիշկը, ե՛ւ տաքսու վարորդը, նա, ով ապրում է մշակութային կյանքով: Ես կարծում եմ՝ ամեն մարդ ունի իր ինքնուրույն մոտեցումը, եւ այստեղ շատ կարեւոր է յուրաքանչյուր մարդու մոտեցումը: Կոնկրետ այս մտավորականի մոտեցումը ո՞րն է, եւ արդյոք դա իրեն բնորո՞շ մոտեցում է, թե՞ պարզապես ցանկություն է կանգնել որեւէ քաղաքական ուժի կողքին՝ ակնկալելով որոշ նպաստներ: Իմ դժգոհությունը եւ իմ մեղադրանքները, որը ես ներկայացնում եմ ե՛ւ այսօրվա իշխանությանը, ե՛ւ նախորդ, իմ դաշտից են, դրանք մարդասիրական, հումանիստական դաշտից են»,- նշում է մեր զրուցակիցը:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այն, ինչ որ կատարվեց պատերազմի ընթացքում, մեծագույն հանցագործություն է. «Առաջինը հենց մարդկային զոհերի առումով, եւ եթե նույնիսկ մենք մի պահ պատկերացնենք՝ ունենայինք հաղթանակ, դա, միեւնույնն է, ինձ համար ներելի չէր լինի: Մարդկային կյանքից ավելի մեծ արժեք ինձ համար չկա: Ես պատերազմի ընթացքում մի անգամ թույլ տվեցի ինձ մի արտահայտություն անել, որ սա քաղաքակրթությունների պատերազմ է: Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ ես սխալվեցի: Մենք ու թշնամին գտնվում էինք նույն քաղաքակրթության դաշտում. ո՛չ իրենց, ո՛չ մեզ համար մարդու կյանքը արժեք չուներ: Եթե մարդու կյանքը արժեք ունենար, մենք այս վիճակին չէինք հասնի»:
Մեր այն հարցին, թե ինչու չկանխվեց պատերազմը, մեր զրուցակիցը ընդգծում է. «Կարծում եմ՝ վախը ամենամեծ մեղքերից մեկն է, առավելեւս՝ վախը՝ հասարակական կարծիքի հանդեպ: Իմ ենթադրությամբ՝ վախն էր առաջնորդում վարչապետին, որ իրեն կհամարեն դավաճան, հողատու, ես նկատի ունեմ այն ամբողջ տերմինաբանությունը, որն այսօր օգտագործվում է մեր հասարակությունում: Նա պատերազմի կանխման կարեւոր քայլին կգնար, եթե իր արժեհամակարգի կենտրոնում լիներ մարդը, միգուցե, այո, բոլոր այդ մեղադրանքները լինեին, բայց գոնե սեփական խղճի առաջ հանգիստ կլինեիք, որ փրկել եք մարդկային կյանքը, ինչը կարող էր լինել ներքին արդարացում: Իսկ թիվ մեկ պատասխանատուի համար մարդու կյանքն առաջնային չէր, անձնական ու կուսակցական ամբիցիաները մեզ հասցրեցին այս աղետալի վիճակին: Պատերազմի ժամանակ բոլոր երկրորդական բաները եկան առաջին պլան, բացի ամենակարեւորից՝ մարդկային կյանքից: Հիմա ընդունված է մեկին քարկոծել, իսկ մնացած բոլորին ասել, թե սուրբ են, եւ այս մեկից ազատվեն, ապա ամեն ինչ հրաշալի կլինի»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆՍԱՄԲԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ
Արամ Խաչատրյանի անվան տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի եւ ակտիվորեն համերգային շրջագայություններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել գրեթե մեկամյա դադար վերցնել. 2020-ին երեք մեծ շրջագայություն՝ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ռուսաստանում, տեղի չունեցան:
Այս պահին անսամբլը պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին Ռուսաստանի քաղաքներում։ Իսկ փետրվարի 10-ին Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։
Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը: Երաժիշտների կարծիքով՝ առաջիկա համերգների ոգեւորությունը համեմատելի է առաջին անգամ բեմ բարձրանալու հետ: Եռյակի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։ Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաեւ փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ եւ երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին եւ անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին մեզ այս հնարավորությունն ընձեռելու համար»:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաեւ կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ:
ՉԻ ՇՏԱՊՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել իտալական «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 32-ամյա կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարեւոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները: Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի եւ դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018): Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում եւ 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Վերջերս կիսապաշտպանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
ՀԱԿԱՌԵԿՈՐԴ
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակառեկորդ է սահմանել Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունից հետո։ Դա «Տոտենհեմի» երկրորդ անընդմեջ տնային պարտությունն էր Պրեմիեր լիգայում: Դա 58-ամյա Մոուրինյոյի կարիերայի առաջին դեպքն է, երբ նրա թիմը 2 անընդմեջ տնային պարտություն է կրում առաջնությունում: Մինչեւ այս նրա թիմերն անցկացրել են 327 տնային հանդիպում. հաղորդում է Opta-ն: Հանդիպումից հետո Մոուրինյոն կոպտել է լրագրողներից մեկին: Այդ մասին հայտնել է լրագրող Էլիսոն Բենդերը: «Ես Ժոզեին հարցրեցի, թե ինչու նա չի խաղացնում Բեյլին: Նա պատասխանեց, որ լավ հարց է, սակայն ես արժանի չեմ պատասխանի»,- թվիթերյան էջում գրել է Էլիսոն Բենդերը: Հիշեցնենք, որ այդ խաղից հետո «Չելսին» 36 միավորով 6-րդ տեղում է, «Տոտենհեմը» 8-րդն է՝ 33 միավոր։