«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանը մեկ տարի ժամկետով գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հավելավճար է տրամադրվելու՝ բնակարանի վարձակալության համար:
Մենք տեղեկացանք, որ նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք, որ վերջինս մինչ այս հանդիսացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը եւ հայտարարված մրցույթում միակ թեկնածուն է եղել:
Հատկապես հետպատերազմյան շրջանում ավելի է կարեւորվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրագետ աշխատանքը, քանի որ շատ են դիմումներ ներկայացվում թե՛ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ, թե՛ հակառակը: Ընդ որում, ՄԻԵԴ-ը հաճախ որոշումներ է կայացնում ընդդեմ Հայաստանի վճիռներով եւ կառավարությանը պարտադրում գումարներ վճարել դիմումատուներին:
Հենց այսօր կառավարության նիստի օրակարգում առկա մեկ այլ որոշմամբ էլ կհաստատվի, որ այսուհետ պետական բյուջեում գործելու է առանձին բյուջետային կետ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» անվամբ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։