Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման համար:
Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարևորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ և լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարևորում մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:
Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:
Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:»