Առողջապահության նախարարն այցելել է Գյումրի. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում էր Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը` տեղում ծանոթանալու մարզի բուժհաստատություններում առկա խնդիրներին։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ավանեսյանն առաջինն անդրադարձավ երեկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթին՝ նշելով, որ նախագիծն արժանացավ բուռն քննադատությունների։

«Ճիշտն ասած, անակնկալ էր դա մեզ համար, որովհետև հանձնաժողովի նիստին նախագիծը քննարկվել էր, որոշակի փոփոխություններ, առաջարկներ հնչել էին և ընդունվել էր մեր կողմից։

Ամեն դեպքում նորմալ եմ վերաբերվում այս քննադատություններին. սա ընթացիկ աշխատանք է, օրինագծերը դրվում են քննարկման, որոշ դեպքերում մերժվում են, որոշ դեպքերում հաստատվում։ Կվերանայենք, թե ինչ հարցեր հնչեցին, դրա արդյունքում նախագիծը կլրամշակվի և նորից շրջանառության մեջ կդրվի»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով կորոնավիրուսի թվերի նվազմանը մեր երկրում՝ նա նշեց, որ սա հաջողվել է վարակը դարձնել կառավարելի։

«Մենք այս պարագայում որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնավիրուսին հրաժեշտ ենք տվել, իհարկե, դեռ վաղ է։ Կանխատեսումներ անելը բավական բարդ է։

Վարակի ալիքային բնույթն ընդհանրապես տեսանելի է և հասկանալի է. շատ կարևոր է, որ փոքրաթիվ միջոցառումները, որոնք դեռ առկա են, բնակչության կողմից պահպանվեն։ Եթե հետևեն, եթե պատվաստանյութերի հետ կապված գործընթացը բարեհաջող սկսվի, և բնակչության ռիսկային խմբերը պատվաստվեն, պիտի որ հնարավորություն ունենանք նման բարձր ալիքներ այլևս չունենալ։ Բայց դա մեր ցանկությունն է, պիտի դրա համար աշխատել, միջոցառումներին հետևել, զգույշ լինել, զգոն լինել։

Նախարարը խոսեց, նաև պատվաստումների մասին՝ նշելով, որ մի քանի հարթակներով բանակցություններ են վարում Հայաստանի համար պատվաստանյութն ապահովելու։ Արդեն իսկ վերջնական փուլի են հասել ռուսական «Սպուտնիկով» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում։

Փոքր խմբաքանակ արդեն իսկ բերվել է՝ որպես նվեր, ավելի մեծ խմբաքանակի սպասում ենք մոտ ժամանակներս»,-փաստեց նախարարը։

Խոսելով Շիրակի մարզի բուժհաստատությունների խնդիրների մասին՝ նա նշեց, որ կան բազմաթիվ բուժհաստատություններ, որոնք գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար պայմաններում։ «Ճիշտ է անցնող տարին բավականին ծանր էր, բայց մենք փորձեցինք լուծումներ տալ շատ խնդիրների, սարքավորումների համալրման, և թթվածնային ապահովման։ Դրանք իհարկե լինելու են շարունակական։

Գիտենք, որ շատ բուժհաստատություններ ունեն արդիականացման, թարմացման կարիք, պետք է աշխատենք, պետք է փորձենք համալրել։ Ինչ վերաբերում է կադրերին, ապա այդ խնդիրը առկա է բոլոր մարզերում, որոշ մասնագիտացումների ուղղություններով պակասը զգացվում է, և մենք մի քանի ծրագրեր ունենք»,-եզրափակեց նախարար Ավանեսանը։




Լրահոս