ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ. ԼԻԴԵՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլեւ այլ ֆորմատով որոշում կայացնել ու հասկանալ, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

 

Հիմա այդ ֆորմատում հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջիններիս թեկնածուն արդեն գրեթե բոլորի համար մերժելի է, բայց քանի որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ ինչ անել, շարունակում են այդ ֆորմատում սատարել Վազգեն Մանուկյանին, մինչեւ որոշում կկայացնեն:

Բայց, արի ու տես, այս ֆորմատում եւս ընդդիմադիր լիդերները միմյանց հետ կապված կասկածներ ու անվստահություն ունեն: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան իշխանությունների հետ, ու ինֆորմացիոն արտահոսքեր լինեն՝ իրենց հանդիպումների հետ կապված, ինչպես նաեւ, օրինակ, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ, ինչ-որ նախարարական պորտֆեյլներ վերցնել ու լքել իրենց ֆորմատը:

Կարելի է ասել՝ նույն կասկածները կան նաեւ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, ինքը ներկայիս իշխանությունների հետ տարբեր թելերով է կապված, ու հնարավոր է՝ բանակցությունների մեջ լինի իշխանական ներկայացուցիչների հետ:  Ըստ մեր տեղեկությունների՝ դա է նաեւ պատճառը, որ լիդերներին առաջարկվում է միասին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այն, իհարկե, կայանա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է ընտրություններին մեկ դաիշինքով գնալ ու ունենալ կոնկրետ պայմանավորվածություններ, եթե իրենց հաջողվի ՀՀ վարչապետ Նիկալ Փաշինյանին գահընկեց անել ու իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցնել: Այստեղ արդեն ի հայտ են գալիս նրանց տարաձայնությունները, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ դաշինքի չի միանալու, իրենք առանձին են լինելու:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնկացել, քանի որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանի կառարամամբ ընտրություններ իրականացնել: ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը միասին գնալու կողմնակից են, բայց դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել: Ու բոլոր այս հարցերը մնացել են օդում կախված: Որոշվել է նորից հանդիպել, երբ Ռոբերտ Քոչարյանը մոսկովյան այցից վերադառնա Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ հանդիպան հետ կապված որեւէ որոշում դեռեւս չկա, այս շաբաթ դժվար կայանա հանդիպումը, քանի որ լիդերների մոտ նաեւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կիրակի արած հայտարարությունից հետո, երբ բոլորի համար անակնկալ հայտարարվեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար հանրության կողմից որեւէ պահանջ չկա:

Ռոբերտ Քոչարյանն արդեն Երեւանում է, բայց լիդերները դեռեւս որոշում չունեն՝ ինչ անել, ինչպես վարվել ու ինչ քայլերի դիմել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել: Սակայն, կարծես թե, ընդդիմությանը չի հաջողվում մարդկային ռեսուրս ապահովել, ինչի մասին քաջատեղյակ են նաեւ իշխանության ներկայացուցիչները:

Կարծես թե իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ ընդդիմությունը մարդկային ռեսուրսի փնտրտուքի մեջ է, որպեսզի հրապարակներ լցնի, որից պարզ կլինի, թե հասարակությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց նրանց մինչեւ այս պահը դեռեւս չի հաջողվում հոծ բազմություն հավաքել: Ժամանակ կա, ու ընդդիմությունը փորձում է լավ պատրաստվել հանրահավաքին: Եկող շաբաթ պետք է ընդդիմության համար եւս վճռորոշ լինի, քանի որ լիդերները պետք է հստակ որոշում կայացնեն՝ իրենց անելիքների հետ կապված:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումա՝ պատրաստակամություն հայտնելով հավասարազոր պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան: «Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետեւում էինք տարածաշրջանի զարգացումներին եւ հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ: Ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման փաստը»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել հավասարազոր պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարեւորել է Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 

 

 

ՄԱՐՏԻՑ ԿԱՐԳԵԼՎԻ

Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարել է. «Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների եւ կորուստների հետ՝ գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր եւ խոշոր եղջերավոր անասունները, եւ սեզոնային արածեցում էր իրականացվում: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում»:

 

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն բարձր գնաճ է արձանագրել փոստային ծառայությունների ոլորտում: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ծառայությունների գները բարձրացել են 13.1 տոկոսի չափով, ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3 տոկոս հավելաճով: Ի դեպ, տեղեկացնենք, որ արդեն 9 օր է, ինչ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները բարձրացել են, իսկ նոր սակագները կիրառվում են փետրվարի 1-ից: Օրինակ՝ ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկել է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ, այսինքն՝ 270 դրամով այն թանկացել է: Իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկել է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկել է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվել են, իսկ մի մասն էլ մնացել են նույնը:

 

 

 

ՕԳՆԱԿԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահներին հաղորդում է ներկայացվել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի անվան տակ տարբեր անձանցից խարդախությամբ գումարներ են շորթվել: Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 6-ին հաղորդվել էր Սարգիս Կասյանի եւ Կարեն Խաչատրյանի կողմից ԱՀ Բերձոր շրջանի համայնքների ղեկավարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու մասին:

Արդյունքում, փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է հրավիրվել Անդրանիկ Կյուրեղյանը եւ հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից ներկայացած Սարգիս Կասյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական ներկայացած Կարեն Խաչատրյանն իր վստահությունը չարաշահելու միջոցով, օգտագործելով կեղծ վճարային փաստաթուղթ, իբրեւ ՀՀ կառավարության կողմից ԱՀ-ից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակում բնակարան ստանալու գործընթացում աջակցելու պատրվակով 2021թ. հունվարի 20-ին իրենից պահանջել են 6.000.000 դրամ եւ 2021թ. հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենից խարդախությամբ հափշտակել են պահանջված գումարից 3.800.000 դրամը:

Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացու հաղորդման հիման վրա՝ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ Ս.Կասյանի եւ Կ. Խաչատրյանի մնացած տվյալները պարզելու ու վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ. փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 




Լրահոս