ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄՏԱՎ ՈՒԺԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին ԵՄ եմ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

 

ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի եւ Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները եւ կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, ինչպես նաեւ ոլորտային համագործակցությունը եւ առեւտրային հարաբերությունները։

«ՀԸԳՀ համընդգրկուն փաստաթուղթ է, որը կուռ իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը եւ կլիման, կրթությունը եւ գիտությունը, մշակույթը, առողջապահությունը եւ այլն։  «Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելի արդյունքներ կբերի մեր քաղաքացիներին՝ լայնածավալ բարեփոխումների միջոցով խթանելով ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունության ամրապնդումը, եւ ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կունենա մեր քաղաքացիների բարեկեցության եւ կենսակերպի վրա։ Հարկ է ընդգծել, որ ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա», – շեշտում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Իսկ ի՞նչ է արվել ԵՄ- Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում:  Նախ՝ նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ անդամ պետությունների կապիտալով գործող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների եւ գործատուների թվում են: Իրականացված աշխատանքների մասշտաբների մասին փորձել ենք զրուցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը հանդիսանում է  նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «2017 թվականին ստորագրված պայմանագիրը, ինձ թվում է, որ ՀՀ այն ժամանակվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էր: Դուք գիտեք, որ մինչեւ վավերացումը եւ ուժի մեջ մտելը 80 տոկոսով էր գործում համաձայնագիրը, սակայն կրկին կարողանում էին օգտվել պայմանագրի ընձեռած հնարավորություններից: Հիմա ամբողջովին մտել է ուժի մեջ, եւ կարող ենք ասել, որ Հայաստանն ամբողջովին կարող է օգտվել բոլոր այն հնարավորություններից, որ ընձեռում է ԵՄ-ն այդ համագործակցությունով: Առաջիկայում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստամ-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես՝ ֆինանսավորման ոլորտում եւ այն ծրագրերի ոլորտում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Ասել, որ մենք օգտվում ենք ամբողջովին համաձայնագրից, սխալ կլինի ասել. մենք ունենք Ճանապարհային քարտեզ, որն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել, եւ պետք է իրականացվի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Վառ ապացույցներից մեկը պարեկային ծառայության ստեղծումն է, ոստիկանության բարեփոխումներն էին, դրանք շարունակվում էին, սակայն պետք է ավարտված լիներ դեռ անցյալ տարի»:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին ուսումնասիրեց ճանապարհային քարտեզը՝ փորձելով առանձնացնել եւ հասկանալ, թե որ նախագծերի ժամկետն է ավարտվել, եւ որոնց իրականացման ժամկետներն են մոտենում: Օրինակ, ըստ ճանապարհային քարտեզի՝ մինչեւ այս տարվա 4-րդ եռամսյակը պետք է պատասխանատու հանդիսացող ՀՀ արդարադատության կողմից ներկայացվի եւ ընդունվի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Իսկ, ահա, վարորդական վկայականների տրամադրման կարգում համապատասխան փոփոխությունները պետք է արված լինեին մինչեւ 2019 թվականի հունիսը, այնինչ դրանք, կառավարության որոշմամբ, ուժի մեջ են մտել միայն 2020 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ գրեթե մեկ տարի ուշ:

Ն. Հ.

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ Է

Կառավարությունը Գոհար Սիմոնյանին մեկ տարով գործուղում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Գոհար Սիմոնյանը հաղթող է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մրցույթում:

 

 

 

438 ԽԱԽՏՈՒՄ

2020թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր 385 ստուգում։ Երկրում COVID-19-ի համավարակով եւ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներից ընդհամենը 64-ը, ինչը կազմում է նախատեսվածի 16.62%-ը։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 438-խախտում։ Ամենից շատ խախտումներ արձանագրվել են Երեւանում՝ 215, ամենից քիչ՝ Սյունիքում՝ 6։ Հիմնական խախտումները վերաբերել են շինարարություն իրականացնող, շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը։ Կազմվել եւ տրամադրվել են 44 պարտադիր կատարման ցուցումներ, իսկ խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 20 տեղեկանք։

 

 

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԽՍՏԱՑՆԵԼ

ՀՀ ԱԺ-ն քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափերը: «Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը եւ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարեկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաեւ մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության ու լրտեսության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ասել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, եւ, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ Ազգային ժողովում պատգամավորները քննարկում էին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքը: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նախագծին դեմ են քվեարկել Վիկտոր Ենգիբարյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արտաշես Պետրոսյանը, Սոս Ավետիսյանը, Լուսինե Բադալյանը, Քրիստինե Պողոսյանը: Բացի ընդդիմադիր եւ «Իմ քայլը» խմբակցության վերոնշյալ պատգամավորներից, նախագծին դեմ են քվեարկել նաեւ ԱԺ անկախ պատգամավորները, որոնք ակտիվորեն քննադատել էին նախագիծը:

 

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երեւան-Մոսկվա-Երեւան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին եւ բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։ Չարթերային չվերթների դեպքում մարտի 1-ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները։

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանել է, որ չկա լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ, եւ, բնականաբար, հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ, ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով եւ նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով եւ տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով: Անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի շաբաթվա ցանկացած օրվա եւ ցանկացած ժամի դրությամբ ՀՀ ազգային անտվանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաեւ ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից:

 




Լրահոս