«ՀՀԿ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ԼՈՒՐՋ ԿԱՌՈՒՅՑ Է». Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Պարո՛ն Շարմազանով, ըստ Ձեզ՝ վերջին հանրահավաքն արդյոք ստիպելո՞ւ է ՀՀ իշխանություններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել:

 

-Նախ՝ առաջինը՝ ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ մեկ հանրահավաքով այս կապիտուլյանտը պետք է հեռանա իշխանությունից: Մենք տեսանք, որ եթե նա ունենար քաղաքական պատասխանատվություն, ինչի մասին ինքը խոսում է, բայց իրականում չուներ, պետք է հենց նոյեմբերի 9-ին հրաժարական ներկայացներ, ներողություն խնդրեր ժողովրդից եւ հեռանար, որովհետեւ ինքն է եղել այս պարտության պատճառը, ինքն է 44 օր խաբել ժողովրդին, ինքը չի կարողացել, որպես գերագույն հրամանատար, ինչպես ինքն է իրեն հռչակել, չի կարողացել կազմակերպել մոբիլիզացիան եւ, առհասարակ, պետությունը ռազմական ռելսերի վրա դնել: Ինքն է ժողովրդից ծածուկ, թաքուն, հակառակ իր տված հրամանին՝ գնացել եւ Ալիեւի հետ նման նվաստացուցիչ արձանագրություն կնքել: Ավելին, հունվարի 11-ին էլ նա ապացուցեց, որ ինքն էլ ի զօրու չէ պաշտպանել հայ ժողովրդի անվտանգությունը  եւ դարձել է Ալիեւի եւ Էրդողանի կամակատարը: Բայց երբեք իլուզիաներ չեմ ունեցել, որ այս մարդ, որը աշխարհում ամենաշատը սիրում է պաշտոնն ու աթոռը, 1-2 հանրահավաքից հետո պետք է գնա:

-Հայտարարվեց, որ շարունակելու եք անհնազանդության ակցիաներ, փողոցներ փակել. արդյոք այս ամենն օգնելո՞ւ է հասնել հրաժարականի, քանի որ անցած նմանատիպ քայլերը որեւէ կերպ չօգնեցին հասնել ձեր նպատակին:

-Համոզված եմ, որ ճնշումը պետք է ավելանա, եւ նախորդ հանրահավաքն էլ ուներ մի կարեւոր ցուցիչ. սրա ուսապարկերը եւ անձամբ ինքն ու իր ֆեյքաֆերման հայտարարում էին, թե մարել է ըմբոստությունը, դժգոհությունը, մարել է ընդդիմության ալիքը, եւ 17 քաղաքական  կուսակցությունները այլեւս հեղինակություն չունեն: Մենք տեսանք, որ վերջին հանրահավաքը, թերեւս, ամենաբազմամարդն էր նույնիսկ այդպիսի ոչ բարենապաստ եղանակային պայմաններում: Եվ եւս մեկ անգամ սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը միակ ու ամենագլխավոր քաղաքական օրակարգն է, որ հուզում է հայ ժողովրդի մեծամասնությանը:

-Արդյոք լիդերների կողմից որոշվե՞լ է, որ ՀՀԿ-ականները ելույթներ չեն ունենալու հարթակներից, քանի որ կուսակցության վարկանիշը ՀՀ-ում ցածր է:

-Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է վարկանիշակռիվ անել: Հիմա հայրենիքի փրկության խնդիր է: Երբ սա կհեռանա իշխանությունից, այն ժամանակ հանգիստ ընտրությունների միջոցով, ժամանակը երբ գա, կերեւա, թե ով ինչքան ձայն ունի, ով ինչքան ձայն չունի: Եթե որոշ մարդիկ այսօր վարկանիշացավով են տառապած, մեզ համար էականը ոչ թե կուսակցամոլությունն է, ոչ թե մեր վրա վերմակը քաշելն է, այլ ազգային, համազգային խնդիրներ լուծելն է: Այսօր ոչ թե քաղաքական պայքար է, այսօր արցախյան շարժում 2 է, որտեղ կա մեկ  օրակարգ, որն այս ազգադավ իշխանությունից օր առաջ ազատվելն է: Հետո կգա ժամանակը, ով ինչքան ձայն ունի, կերեւա: Միայն մի բան ասեմ. եթե հանրապետական  կուսակցությունը 2018թ. ապագա կապիտուլյանտի կողմից կազկակերպված խայտառակ, ատելության ու վախի մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում 4-րդ տեղն է գրավել եւ ստացել պաշտոնական տվյալներով 60,000 ձայն, ասեմ, որ այսօր մեր համախոհների թիվը մի քանի անգամ ավել է: Երեք տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը ապացուցեց, որ ինքը ամենասկզբունքային եւ ամենալուրջ կառույցներ ունեցող քաղաքական կուսակցություններից մեկն է: Բայց կրկնում եմ, որ 11 կուսակցություն է մասնակցել, ու նույնիսկ սրա օրոք մենք 4-րդ տեղն ենք գրավել: Ավելին,  եթե 3 տարի է՝ բոլորը խոսում են Հանրապետականից, նշանակում է՝ Հանրապետականն իր տեղն ու դերը քաղաքական դաշտում ունի եւ ունենալու է: Իսկ երբ սա կհեռանա, կլինեն նորմալ կազմամերպված, ժողովրդավարական ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ով ինչ ունի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա անելիքները առաջիկայում արդյունք ունենալու համար:

-Ասեմ, որ Հանրապետական կուսակցության վարկանիշից խոսում են այնպիսի «քաղաքական գործիչներ», որոնք ընտրություններում 300-400 ձայն են ստացել, ում կուսակցությունը նույնիսկ 1 տասնյակ հազար  ձայն չի ստացել, որն անձամբ 300-400 ձայն է ստացել: Այնպես որ, մեզ նման հիմար գնահատականները չեն հուզում: Այսօր Հանրապետականի միակ օրակարգն է համախմբվել ագզային ուժերի հետ ու հասնել ապազգային ու հողատու վարչապետ կոչվածի հրաժարականին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

«Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»,- ասել է ՀՀ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» գործողություններին։

 

«Վազգեն Մանուկյանը գուցե ժամանակին նման ոճով աշխատել է Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ այդպիսի ծրագրեր է առաջարկում՝ մեկի ոտքերը ջարդել, մյուսի ընտանիքի դուռը ծեծել: Բայց Վազգեն Մանուկյանն այդպիսի առաջարկություններ անելուց առաջ, լավ կլինի, որ եթե այդ խմբերը ձեւավորում է, ինքն առջեւից գնա, որ եթե այն մարդկանց դռները, որ պետք է ծեծեն, այդ մարդիկ իմանան՝ ով է եկել, ինչ նպատակով, եւ ինչպես պաշտպանի իրեն, իր արժանապատվությունը եւ մեր երկրի արժանապատվությունը: Այնպես որ, Վազգեն Մանուկյանն ուրիշներին թող չուղարկի զոհվելու,  իր մոտ դա լավ է ստացվում: 1996-ը բոլորիս աչքի առաջ էր, եւ իր հետագա ծրագրերը չեն իրականացվում՝ սահմանադրական պահանջին համահունչ:

Խմբեր, ջոկատներ, կայծակնային արագության շենքերի գրավում: Հիշո՞ւմ եք մի այդպիսի փաստաթուղթ 1996-ին հայտնաբերել էին ԱԺՄ գրասենյակից: Նույն Վազգեն Մանուկյանը 1996-ին բոլորին ասաց՝ եկե՛ք իմ հետեւից, բայց ինքը շատ տեւական ժամանակ անհայտության մեջ էր. մարդիկ օրենքի առաջ ունեցան խնդիրներ: Հիմա որ Վազգեն Մանուկյանը դա հրապարակում է, դրա պատասխանատվությունն ո՞վ է վերցնում իր վրա»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե այդ ճանապարհն են ընտրել՝ կայծակնային արագությամբ գրավել շենքեր,  հետո ի՞նչ անեն: Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ ԱԺ-ի, կառավարության շենքերը եւ առանձնատները գրավեցին, մյուս օրն ի՞նչ արեցին. պարզապես,  հարվածի տակ ընկան այն մարդիկ, որոնք, չգիտես՝ ում հրամանով, դուրս էին եկել, գրավում էին շենքերը, մարդկանց մազերից էին քաշում, նույնիսկ ԱԺ նախագահի նխատմամբ մահափորձ իրականացվեց: Հիմա  կարեւոր է ճշտել, թե այդ հրահանգը որտեղից եկավ, ոնց  այդ հրոսակախմբերը մեկ վայրկյանում, դեռ չհրապարակված հրադադարի փաստաթուղթը, արդեն պատրաստ գիտեին՝ ուր պետք է գնան եւ ում են ման գալիս»,-ընդգծել է նա:

Պատգամավորը հավելել է. «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»:

 

 

 

ՀԱՐԿԵՐԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է

Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը մեկ տարվա ընթացքում բավականին նվազեցրել է հարկերը: Խոսքը «Ավտոներկրող-10» ընկերության մասին է:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ընկերությունը նախորդ տարի պետական բյուջե վճարել է 240 մլն 921 հազար դրամ հարկ ու տուրք, մինչդեռ 2019 թվականին «Ավտոներկրող-10» ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 11 մլրդ 834 մլն 751 դրամ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը 11 մլրդ 593 մլն 830 հազար դրամով կրճատել է հարկային վճարումները: Նշենք, որ 2019-ին ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում գտնվել է 12-րդ, իսկ մեկ տարի անց՝ 673-րդ տեղում:  ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը 2018 թվականի ընթացքում ցանկի 94-րդ տեղում է եղել, սակայն 2019-ին շեշտակի ավելացնելով հարկային վճարումները՝ հայտնվել է 12-րդ հորիզոնականում: Ի դեպ, 2018 թվականին այս ընկերությունը վճարել է մոտ 2 մլրդ հարկ ու տուրք:

Պարզվում է, որ 2018 եւ 2019 թվականների ընացքում շատ թվով ավտոմեքենա ներկրելը զգալի մեծ ազդեցություն էր ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։ Իսկ, ահա, 2020-ին, ստացվում է, որ պետական բյուջեն մոտ 11.6 մլրդ դրամի չափով կորուստ է ունեցել: Մյուս կողմից՝ նկատենք, որ 2018 եւ 2019 թվականներին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած անհատ ձեռներեցները մինչ այսօր մեծ դժվարությամբ են կարողանում իրացնել այդ ավտոմեքենաները: Ավտոմեքենաների առեւտուրը մեկ տարուց ավելի է, ինչ, այսպես ասած, կանգնած է:

 

 

 

ԲԱՑ ԱՃՈՒՐԴ

«Օրեր առաջ, ԱՀ կառավարության որոշմամբ, բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, Գլխավոր դատախազությանը, Ներքին գործերի նախարարությանը եւ մի քանի այլ գերատեսչությունների: Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ: Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով: Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»,- տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

 

 

 




Լրահոս