«Պարտվողը, բացի իրենից, բոլորին մեղադրում է: Ես ասել եւ ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել եւ ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, (ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են) խիզախորեն կռվել են: Ես ասել եւ ասում եմ, որ Ալիեւը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել եւ ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Նա նաեւ հավելել է, որ եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը:
«Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը. դա հակասում է մեր ազգային շահերին, բայց խոսքն Ալիեւի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջեւ խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջեւ դրված է եղել խնդիր, եւ նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ եւ ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:
Իր հերթին Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր:
«Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասե՛ք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը:
Նա նաեւ հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետեւ ասում են, որ վտանգ կա նաեւ այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության:
«Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաեւ շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են «Տելեգրամ» ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց, միեւնույն ժամանակ, Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը:
Հաջորդիվ Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ հավանաբար Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը:
«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը եւ նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը:
Ն.Հ.
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ
2020 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 819 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ: Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 290 կարգապահական տույժեր, «Նկատողություն»; «Խիստ նկատողություն», պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննությունների 32 նյութ: Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության 42 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 14 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 27 ծառայող ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Ոստիկանության 5 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից։
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրագործումը զգալիորեն կկրճատի Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռների փոխադրման համար անհրաժեշտ ժամանակը, ինչը թույլ կտա Վրաստանին հավելյալ ապրանքներ ներգրավել տարանցիկ փոխադրման համար: Այս մասին ասվում է Վրաստանի նոր կառավարության՝ 2021-2024 թվականների ծրագրում: Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը կշարունակի ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգերում եւ կխորացնի տարածաշրջանային համագործակցությունը տարանցիկ միջանցքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով: «Ծրագրում ենք աշխատել գործընկեր երկրների հետ տարանցիկ միջանցքի թվային ապահովման ուղղությամբ, ինչը կբարձրացնի Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արդյունավետությունն ու կայունությունը»,- ասվում է վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարական ծրագրում:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 16.30-ին, տեղի կունենա հանդիպում հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կներկայացվեն hիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների դաշտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ թե ինչպես գործող կանոնակարգումներին համապատասխան լրացնել եւ հրապարակել տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները։ Կքննարկվեն նաեւ ՀՀ ՊԵԿ ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցերը:
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Երեկ Ստեփանակերտում ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, որը «ֆաշիստ ու չարիք» էր անվանել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհին: Ակցիայի մասնակիցները պարզաբանում են պահանջել Ժաննա Անդրեասյանից, սակայն նա անմիջապես նստել է ավտոմեքենան եւ հրաժարվել դուրս գալ: Ի դեպ, Նժդեհին «ֆաշիստ» անվանած փոխնախարարուհին Հ1-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է:
ԼՈԳԻՍՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ
Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետեւանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, ուր ներկայացվելու էին IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ պարզաբանելով ցուցահանդեսի տաղավարներում հայկական ընկերությունների ցուցանմուշների բացակայությունը։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով, ըստ նախարարության, սկսվում է ծառայողական քննություն։ «Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում՝ կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ եւ շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում», – ասված է հաղորդագրությունում։
ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Թուրքիայի «Գորշ գայլերի» քաղաքական թեւ «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները Շուշիում կառուցվելիք դպրոցի հետ կապված մանրամասները քննարկել են Ալիեւի հետ Բաքու կատարած այցի ժամանակ։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացրել է Շուշիում կառուցելիք իրենց դպրոցի էսքիզը եւ հայտնել, որ այն արժանացել է հավանության բոլորի կողմից։ Նշվում է, որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ միասին։