Եթե ինքը փորձի ինձ նկատողություն տալ, վատ կվերջանա. գյուղապետը՝ մարզպետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր գյուղում 367 բնակչից այժմ ապրում է 220-ը: Գյուղապետ Գուրգեն Զաքարյանի խոսքով, մարդիկ մի քանի տարի առաջ են դուրս եկել գյուղից: Այժմ գյուղի տղամարդիկ մորթում են վերջին անասունը, տոմս գնում եւ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Երեւանում՝ ցույցեր, քայլերթեր…

-Իհարկե, տեղյակ եմ…

-Գյուղը որքանո՞վ է մասնակից տեղի ունեցող այս իրադարձություններին:

-Գյուղը Երեւանից 85-90 կմ հեռավորության վրա է գտնվում, ժողովուրդն ամեն ինչից կուրսի է, այսօր ինչ որ մենք տեսանք, իհարկե կողմնակից ենք:

-Դուք ինքներդ ուզո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

-Ես Նիկոլ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունեմ, բայց որպես համայնքի ղեկավար, կուզեի մեր վարչապետը լիներ շատ պատրաստված, հաղթանակ տարած: Իսկ այս խայտառակ պարտությունը, որ մենք տարանք, այսքան զոհեր, այսօր մենք, բնականաբար, կուզենայինք հաղթող վարչապետ ունենալ:

-Իսկ Սուսերի բնակիչներն ի՞նչ են ասում, ի՞նչ կարծիք ունեն:

-Բնակիչներն այսօր իրենց աշխատանքով են: Ձեզ պարզ ասեմ, ես ոչ մեկի վրա չեմ ազդում, ագիտացիա չեմ տանում՝ գնան ցույցերին մասնակցեն, թե չգնան, դա իրենց իրավունքն է, ոնց կորոշեն, թող այդպես էլ վարվեն:

-Բայց մասնակցողներ կա՞ն…

-Ես անձամբ մասնակցում եմ…

-Դու՞ք…

-Այո, ես փետրվարի 20-ին եմ մասնակցել:

-Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյա՞կ են, որ Դուք ցույցերին եք մասնակցում, ինչպե՞ս են վերաբերում…

-Ինչո՞ւ պետք է տեղյակ պահեմ… այսինքն ինձ պետք է թո՞ւյլ տան ես գնամ, թե չգնամ: Այսինքն մարզպե՞տը պետք է ինձ թույլ տա՝ ես գնամ, թե ոչ: Ինչ է, հաշվետու եմ, ինչ եմ… ես իմ հայրենիքի համար եմ գնում, այսօր բոլորս էլ ուզում ենք լավ ապրել… ոչ մի խառնվել, ոչ մի ահազանգ չենք ունեցել, ես 62 տարեկան մարդ եմ, հոգով սրտով դաշնակցական, երեք պատերազմի մասնակից եմ եղել:

-Որեւէ նկատողություն չե՞ք ստացել մարզպետարանից՝ ցույցերին մասնակցելու համար:

-Եթե ինքը փորձի ինձ նկատողություն տա, վատ կվերջանա… այսինքն իմ իրավունքների վրա ինքը կարո՞ղ է արգելք դնել: Ես չեմ գնացել Վազգեն Մանուկյանին պաշտպանելու, ինձ ճիշտ հասկացա՞ք դուք, ես ուզում եմ իշխանափոխություն լինի, գան նոր ուժեր, որ այսօր մենք գոնե մեր հայրենիքի սահմանները պահենք:

-Պարոն Զաքարյան, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս տարիների ընթացքում ի՞նչ է արել գյուղի համար:

-Եթե նախկին իշխանությունների ժամանակ մենք ստանում էինք աշնանացան ցորեն, հաջորդ տարի քաղելուց հետո հետ վերադարձի պայմանով, ապա երկու տարվա ընթացքում մենք ոչ մի սերմացու ցորեն չենք ստացել: Անցյալ տարի եղել է մասնավոր ներկրող, գյուղացիները իր հետ պայմանագիր են կնքել եւ ցորեն են գնել: Եթե գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղի վիճակն ի՞նչ կլինի: Մոտ 40 տուն գյուղում փակ է, չեմ կարողանում պլանները կատարել, հողի, գույքի հարկի հավաքագրումները դժվարությամբ են արվում:

-Ասում եք՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ եք, իսկ ո՞ւմ եք տեսնում:

-Երեւի ուրիշ ուժեր կգան, ինձ թվում է… Ես պատերազմում պարտված ղեկավար չեմ ուզում. առաջ ինքը քայլում էր ժողովրդի մեջ, հեծանիվով ազատ շարժում էր քաղաքում, իսկ երեկ 3000 ոստիկանի ուղեկցությամբ մտավ կառավարության շենք:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս