Սմբատ Ղահրամանյանն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանն ազատվել է աշխատանքից:

«Ինձ աշխատանքից ազատելու պատճառաբանությանը չեմ էլ անդրադառնում, որովհետև ի սկզբանե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ունեցել եմ բանավոր պայմանավորվածություն՝ աշխատանքը համատեղելու և իմ հաճախելիության վերաբերյալ:

Այլևս ակնհայտ է, որ շատ ու շատ ոլորտներում, այդ թվում նաև կենդանաբանական այգում համակարգային փոփոխությունները և նոր իրողությունների տրամաբանության պայմաններում նախանշվող աշխատանքը հանդիպում են դիմադրության:

Շատ հանգամանքներ կարող եմ բարձրաձայնել, բայց ասվածի վառ ապացույցը թերևս այն է, որ բավական է նշել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում կենդանաբանական այգում միանգամից մի քանի մամուլի քարտուղարներ փոխվեցին:

Երևանի քաղաքային իշխանությանը խորհուրդ եմ տալիս հիմնովին փոխել այգու կառավարման փիլիսոփայությունը և ամենակարևորը՝ անձերի փոփոխությամբ չզբաղվել ու նախաձեռնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Ոլորտը վերջնականապես չապականելու և այն բարեփոխելու համար կենդանաբանական այգու զարգացման հստակ հայեցակարգ մշակել, ներգրավվել պրոֆեսիոնալների և միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված ոչ ստանդարտ մեթոդաբանությամբ կառուցել այգու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ապագան:

Կենդանաբանական այգու վարչական աշխատակազմում կան իրապես սրտացավ և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց պետք է համախմբել ոչ թե անձի, այլ նպատակի շուրջ, ոչ թե խմբի, այլ երազանքի շուրջ:

Ինչ վերաբերվում է կենդանիներ խնամողներին, ապա այդ մարդիկ բառիս ուղղակի իմաստով նվիրյալներ են, և ես ուրախ եմ, որ առիթ ունեցա շփվել այդ բարի մարդկանց հետ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, որոնց հետ շուրջ մեկ ամիս աշխատել ու համագործակցել եմ:

Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել վերջին մեկ ամսում այգում հանրային կապերի և մամուլի հետ աշխատանքի բարելավվումը, սոցիալական մեդիայում այգու ներկայացվածության ընդգծումը, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների և հեռանկարների ընդլայնումը և այլ ուղղությունների զարգացումը:

Կարծում եմ գործընկերներս ևս կփաստեն իմ աշխատանքի դրական արդյունքները:

Իմ կյանքի այս էջն այլևս փակված եմ համարում: Համոզված եմ, որ Հայաստանում՝ նաև իմ ջանքերի շնորհիվ վաղ, թե ուշ ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ մարդու ՕԳԳ-ի գնահատականը տալու է միայն անհատական ջանքը, որակները և բացառապես աշխատանքը»:




Լրահոս