ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», – նշել են նրանք:

Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:




Լրահոս