166 ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170 672 դեպք, որոնցից 162 329-ը` առողջացած, 3171-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 710 201 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած եւ 4 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է:

Նշենք նաեւ, որ Արցախում փետրվարի 22-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021թ. կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2982 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձեւաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարեւորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման եւ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից, Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ, տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ եւ որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության  գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքը, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։ Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից համավարակի եւ հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։

 

 

 

ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական եւ ծառայողական պատրաստվածությունը ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։ Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։ Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են առաջադրված խնդիրները:

 




Լրահոս