ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում…Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,-հայտնել է Պեսկովը: Սակայն հետաքրքիր է, որ Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերի հայտարարություններում տարբեր մտքեր են արտահայտվում: ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում գրված է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Սակայն Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի, իբր, օրինական իշխանությանը աջակցելու մասին: «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,- նշված է ՌԴ նախագահի կայքում: Միեւնույն ժամանակ, չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն այն համարում են մեր ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից եւ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն տեղի ունեցածի վերաբերյալ: Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա: Ժողվոուրդը այդպես չի ցանկանում: Բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որեւէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»: Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
Դմիտրի Պեսկովը եւ ասել, թե անհանգստությամբ եւ ուշադրությամբ են հետեւում այստեղ տեղի ունեցող զարգացումներին: Իսկ, ահա, օրվա վերջին ՌԴ ՊՆ-ն հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգ չի կիրառվել: «ՌԴ ՊՆ-ն տարակուսանքով եւ զարմանքով ծանոթացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ այն մասին, որ ԼՂ-ում հայկական ԶՈւ կողմից օգտագործված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով: Մեր ունեցած օբյեկտիվ եւ վստահելի տեղեկությունների համաձայն՝ այդ թվում` օբյեկտիվ վերահսկման համակարգի կողմից ապացուցված, ԼՂ հակամարտության ընթացքում այս տեսակի հրթիռային որեւէ համակարգ չի կիրառվել: «Իսկանդեր» հրթիռների հայկական ամբողջ զինամթերքը պահեստներում է: Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետեւանքով էլ նա ոչ ճիշտ տեղեկություն է հաղորդել: «Իսկանդեր»-ը փորձարկվել եւ բազմիցս արդյունավետորեն կիրառվել է Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այն աշխարհում իր տեսակի մեջ լավագույնն է, եւ դա ընդունում են բոլորը»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Ն.Հ.
ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է. «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն եւ զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի: ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»:
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է
Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ եւ վճռականորեն դատապարտում է այն: Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաեւ վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում: Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաեւ դրա կողմից կոչն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում է Բուդապեշտում: Իր խոսքում Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանում կայունությունը կարեւոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղության տեսանկյունից: «Թուրքիան ուշադիր հետեւում է Երեւանում իրադարձությունների զարգացմանը»,-հավելել է թուրք դիվանագետը:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԿԱՆՉՎԵՆ
«Դուք տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձեւաչափի հետ կապված եւ ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել»,- Կառավարության հերթական նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել: «Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն եւ պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, մեր պաշտոնյաները որեւէ անելիքի մեջ թերացել են»,- ասել է նա:
ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Իրավապահները շարունակում են բացահայտումները պատերազմի մասնակիցների հարազատներից գումարներ շորթելու դեպքերի շուրջ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» ՀԿ նախագահ Զաքար Հայրապետյանը եւ նույն ՀԿ-ի եւս 16 անդամներ խարդախությամբ հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց ՀՀ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կազմել եւ ՀՀ պաշտպանության, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ են ներկայացրել բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե, իբրեւ, «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության թվով 17 անդամները 28.09.2020թ.-ից մինչեւ 04.11.2020թ. մասնակցել են Արցախյան պատերազմին: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա օրենսդրության շրջանակներում: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ: «Հետեւում ենք բնականաբար մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության եւ գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը: