«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐ ԱԶԳԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է». Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը  կարծիք հայտնեց, թե միանշանակ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ պատրաստ են դրան, սակայն այն դեպքում, երբ պետության ղեկին չլինի Նիկոլ Փաշինյանը: Արփինե Հովհաննիսյանը պարզ օրինակ բերեց, որ երեկ ոստիկաններին, ՊԵԿ աշխատակիցներին քաղաքացիական հագուստներով բերել էին Հանրապետության հրապարակ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն իրեն թագավոր զգա:

 

-Տիկի՛ն Հովհաննիսյան, իշխանությունը չի զիջում, ընդդիմությունն էլ Բաղրամյան պողոտայում պահանջում է իշխանության հրաժարականը: Մյուս կողմից՝ անգամ խորհրդարանի նախագահը չեկավ աշխատանքի, որպեսզի խորհրդի նիստ անցկացվի: Սա ինչի՞ կբերի: Չե՞ք կարծում, որ այս ամենը կարող է բերել անգամ բախման:

-Եթե Դուք նկատի ունեք՝ արդյոք իշխանությունը ուզում է կամ պատրաստ է բախման, ապա ես կարծում եմ, որ այո: Նիկոլ Փաշինյանի բարոյական կերպարն այս տարիների ընթացքում բացահայտվել է ամբողջությամբ, եւ կարծում եմ՝ ինքը որեւէ խնդիր չունի բարոյական տեսանկյունից գնալու բախման: Բայց ներքին ռեսուրս, նկատի ունեմ՝ հաշվի առնելով Զինված ուժերի, ի վերջո Ազգային անվտանգության եւ մյուսների դիրքորոշումը, ինքը ռեսուրս չունի գնալու այդ բախմանը, այդ թվում՝ ոստիկանության՝ հաշվի առնելով ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Հայաստանում  հայի արյուն չպետք է թափվի. սա գիտակցում է, որն ունեն ընդդիմության առաջնորդները:  Սա գիտակցում է, որը զերծ է պահում շատ  կտրուկ ու կոշտ գործողություններից ընդդիմությանը, որի համար նույնիսկ ընդդիմությունն արժանանում է քննադատության: Բայց իսկապես մեզ համար կարեւոր է, որ Երեւանի կենտրոնում չթափվի արյուն: Հույս ունեի, որ այս գիտակցումը կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց դա չկա, նա պատրաստ է ամեն ինչի:

Չնայած արդեն զարմանալի չէ, որովհետեւ 5000-ից ավելի հայորդիների արյուն թափելուց եւ մեկ վայրկյան անգամ չվարանելուց, բոլորին, բացի իրենից, մեղադրելու պատրաստ մարդուց ակնկալել դա հնարավոր չէ:

-Նիկոլ Փաշինյանը հորդորեց իր համակիրներին գնալ Հանրապետության հրապարակ, եւ հավաքվեցին: Նաեւ այստեղ էր ժողովուրդ հավաքվում: Ի վերջո, բախման չե՞ն գնա այն քաղաքացիները, որոնց չի կարողանա կանգնեցնել ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Մարտի 1-ի վտանգ չե՞ք տեսնում:

-Երբ ինքը կոչ արեց, եթե հավաքեր այն կրիտիկական զանգվածը, որն ինքը ենթադրում էր՝ կհավաքի, ինքը խնդիր չուներ գնալու բախման: Հավաքվեց 10 անգամ ավելի քիչ, քան իր  պիկի ժամանակ էր, եւ 2 անգամ ավելի քիչ, քան Ազատության հրապարակում էին: Բայց քիչն ու շատը չէ էականը, այլ էստեղ էլ, էնտեղ էլ ՀՀ քաղաքացիներ էին,  եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր էր մտահոգվել դրանով: Այնտեղ նույնիսկ իր կողմնակիցների միջեւ բախումներ եղան: Սադրիչներ կային նաեւ Ազատության հրապարակում, բայց  իրավիճակը կարողանում ենք կայունացել այնպես, որ չլինեն բախումներ: Ձեր ասած վտանգը միշտ էլ կա: Ես ուզում եմ հիշեցնել, որ որքան իշխանությունը, տասնապատիկ ավել ընդդիմությունն է պատասխանատու երկրում անդորրի, ներդաշնակության, խաղաղության ապահովման համար: Ն. Փաշինյանը մեր որեւէ հայորդուց թանկ չէ: Նա մեր ազգի խայտառակությունն է, բայց դա չի նշանակում, որ այդ ամոթի պատճառով մենք պետք է իրար ուտենք:

-Նա առաջարկեց գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Պե՞տք է ընդդիմությունը զիջի ու գնա այդ քայլին, քանի որ իշխանությունը չի զիջում:

-Ընդդիմության պահանջներից է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կազմակերպածը: Տեսանք, թե ինչպես էին ոստիկաններին քաղաքացիական հագուստ հագցրել, որ ինքն իրեն զգա թագավոր, բայց թագավորից «թ» տառն էլ չէր մնացել: Ու վստահել այս մարդու կազմակերպած ընտրություններին, ընդդիմության կողմից միամտության ամենաբարձր դրսեւորումն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով եւ հայտարարությամբ ցույց է տվել, որ ռազմական հեղաշրջման մտավախություններ ունի: Այս մասին ասել է անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: «Եթե լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա այն եղած կլիներ, եթե պահանջում ես հրաժարական, ապա դա ռազմական հեղաշրջման փորձ չէ, միգուցե ունես կասկած այդ հարցում եւ ձեւակերպումը տաս՝ մտավախություն կա, որ արվում է ռազմական հեղաշրջման փորձ»,- ասել է պատգամավորը:

 

Վերջինիս հավաստմամբ՝ նախօրեին պետական պաշտոնյաները հրապարակում զանգված են ապահովել, եւ մի քանի տարի առաջվա հրապարակը բավականին տարբերվում էր նախօրեի Հանրապետության հրապարակից:

«Երբ ժողովուրդը երեկ գար եւ աջակցեր, ամեն բան այլ կլիներ, բայց երբ այնտեղ էին պետական պաշտոնյաներ, դա այդքան էլ թույլատրելի չէ: Այն հրապարակում, որում ժամանակին հարցեր էին լուծվում, հիմա բավականին տարբերվում է երեկվա հրապարակից՝ հատկապես քանակով եւ որակով»,-ասել է Վ. Աթաբեկյանը:

Նրա կարծիքով՝ եթե ԶՈՒ գլխավոր շտաբն է հայտարարությամբ հանդես գալիս, միանշանակ մտավախությունների կարիք կա: «Գլխավոր շտաբը սովորական կառույց չէ, եւ եթե Գլխավոր շտաբն է քո հրաժարականը պահանջում, դու կարող ես վախ ունենալ, որ այդտեղ կա ռազմական հեղաշրջման տարր: Վարչապետը երեկ փորձում էր ցույց տալ՝ ինչքան մարդ է իրեն սատարում, եւ դրանով կանխում էր հեղաշրջման փորձը»,- ասել է նա:

Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ երկու ուժերն էլ կարողացան խուսափել քաղաքացիական պատերազմից, քանի որ շարժվեցին տարբեր ուղղություններով:

«Երեկ երկու ուժերն էլ հնարավորինս տարբեր ուղղություններով շարժվեցին, որ որեւէ բախում չլինի, բայց վերջում պարզ դարձավ՝ ում եւ ինչ զանգվածներ են սատարում: Քաղաքացիական բախում չի լինի, քանի որ, կարծում եմ, երկու կողմերն էլ հասկանում են, որ քաղաքացիների բախումը լավ հետեւանք չի ունենա, իսկ մեր երկիրը մեկ անգամ դրա միջով անցել է, եւ դա գիտակցելով՝ այս անգամ այդ քայլին չեն գնա»,- մեկնաբանել է նա:

Վարդան Աթաբեկյանը նաեւ ընդգծել է, թե չի հասկանում՝ ինչ է նշանակում «վերջ թավիշին» արտահայտությունը, որը երեկ Հանրապետության հրապարակից 3 անգամ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այն պրոցեսները, որոնք պետք է կատարվեին երկիրը բարվոք վիճակի բերելու համար, թավիշի պարագայում եւս կարող էին իրականացվել, եւ վստահաբար դա չէ խոչընդոտ: Ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին», ես չեմ հասկանում, բայց մի բան գիտեմ՝ երկու դաշտում էլ լարված իրավիճակ է, եւ եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա կլինի կուլմինացիա, քանի որ այս վիճակով երկիրը շատ է տուժում»,- ասել  է Վ. Աթաբեկյանը:

 

 

 

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Մինչ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները Երեւանի փողոցներում հավաքներ, ցույցեր են կազմակերպում, Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր եւ մտահոգիչ ցուցանիշներ է հրապարակել: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 47 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով: Շինարարության ոլորտում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 86.3 տոկոս անկում, բայց այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հակառակը՝ աճել է 0.8 տոկոսով: Ըստ էության, շինարարաության ոլորտի անկման պատճառներից մեկն էլ կորոնավիրուսն է, դրա հետեւանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, ապա պատերազմը: Նշենք, որ շինարարական անկման պատճառ է նաեւ ձմեռը, քանի որ ձմռան ամիսներին հիմնականում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Մյուս տխուր եւ մտահոգող ցուցանիշն այն է, որ արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել: Մասնավորապես՝ արտահանման ծավալնելն են 39.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 49.4 տոկոսով: Լուրջ անկում արձանագրվել է նաեւ առեւտրի շրջանառության ոլորտում. 2021 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրաշրջանառությունը 15.1 տոկոսով  նվազել է, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 46.7 տոկոսով: Սա, ըստ ամենայնի, աշխարհը համակած կորոնավիրուսի հետեւանք է, քանի որ առեւտրի ոլորտի տնտեսվարողները նախորդ տարվա ամիսներին գրեթե չեն աշխատել:

 

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ

ՀՀ Լոռու մարզպետարանը, ֆինանսական վատ վիճակով պայմանավորված, իր ենթակայության տակ գտնվող թվով 31 դպրոցի լրացուցիչ գումար է հատկացրել. գումար ստացողների թվում են Լեռնապատ, Շահումյան, Փամբակ, Վահագնի եւ այլ գյուղերի դպրոցներ: Օրինակ՝ Վահագնիի դպրոցը ստացել է 400 հազար դրամ գումար, Փամբակինը՝ 1 մլն 700 հազար դրամ, Լեռնապատինը՝ 2 մլն 700 հազար դրամ: Նշենք, որ Ղուրսալիի գյուղի դպրոցին հատկացվել է 995 հազար դրամ: ArmLur.am-ը կապ հաստատեց Ղուրսալի գյուղի դպրոցի տնօրեն Խաչատուր Միքայելյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ հարց կարող են լուծել 995 հազար դրամով: «Մեր դպրոցի աշխատավարձերը, պահպանման ծախսերը ծածկելու համար ունեցած գումարը չէր բավականացնում: Հաշվառելով ուսուցիչների, դասարանների, դասարանաների թիվը եւ ժամանքանակը՝ պարզվեց, որ չէր բավականացնում, դրա համար էլ ավել են հատկացրել, որ բավարարի: Անցյալ տարի մենք տնտեսում ունեինք, դա բավականացրեց, բայց այս տարի չունեինք, եղած գումարը չբավարարեց: Հնարավոր է, որ հետագայում նորից դիմենք մարզպետարան, գումար խնդրենք, որովհետեւ չնախատեսված ծախսեր են լինում»,- բացատրեց դպրոցի տնօրենը:

 

 




Լրահոս