ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո: Ըստ Բաղդասարյանի՝ վարչապետի ազատումը հիմք է, որ Օնիկ Գասպարյանը հեռանա, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները այս պահին միայն ՍԴ դիմելն է:

 

-Տեւական ժամանակ է՝ քննարկվում է մեկ հարց՝ ե՞րբ պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը դադարի, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն ներկայացրել է, որ ազատել է աշխատանքից: Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանի մոտ է, եւ քննարկում է ընթանում, որ Օնիկ Գասպարյանն արդեն ազատված է, մյուս մասն ասում է, որ այսօրվանից է ազատվում: Կա նաեւ Սահմանադրական դատարանի հարցը: Ի՞նչ է իրականում տեղի ունենում, երբվանի՞ց չի պաշտոնավարելու Օնիկ Գասպարյանը:

-Ես նախ ուզում եմ արձանագրեմ, որ ցավում եմ, որ ՀՀ այն իրավաբանները, որոնք տվյալ ոլորտի մասնագետներ են, իրենք լուռ են մնում այս հարցի վերաբերյալ. այս դեպքում իրենք պետք է իրենց կարծիքն ասեն ու հստակցություն մտցնեն: Եվ, ցավոք սրտի, այն իրավաբանները, որոնք շատ լավ տիրապետում են այս ոլորտին, փորձում են մոնիպուլացնել իրավիճակը այն դեպքում, երբ մենք ընկերական միջավայրում, երբ հարցը քննարկում ենք, իրենց համար ամեն ինչը պարզ է: Պատասխանն ավելի պարզունակ է, քան հնարավոր է, բայց ասեմ նախօրոք՝ իմ կարծիքն այն է, որ իրավաբանները, որոնք մշակել են Սահմանադրությունը ու համապատասխան տվյալ օրենքները, թույլ են տվել սխալ: Սխալն իրոք կա նաեւ Սահմանադրության մեջ, եւ օրենքնեի մեջ էլ կա սխալ, որի  արդյունքում առաջացել է այս շփոթմունքը: Բայց մենք պետք է մեկնաբանենք Սահմանադրությունը՝ հասկանալով, թե ինչ է ուզել սահմանադիրը մեզ ասել: Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի, որը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի  բնագավառում, 1-ին մասը սահմանում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, նշանակում է ու ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Սահմանդրությունը հստակ սահմանում է, որ պետք է դիտարենք օրենքով սահմանված դեպքում եւ կարգով: Ինքը հղում է կատարում օրենքին, հետեւաբար կարգավորումը պետք է դիտարկենք օրենքով:  Հայաստանի Հանրապետության նախագահը ոչ ասել չի կարող:

-Իսկ եթե ոչ չի ասել մինչեւ այս պահը, նա պե՞տք է կարողանա նաեւ վիճարկել Սահմանադրական դատարանում: Ազատման դիմումը կարո՞ղ է վիճարկել, թե նշանակման հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջանա: Օրինակ՝ նախագահը մինչ այս պահը որեւէ բան չի ասել, ոչինչ պարզ չէ՝ ազատում է, թե ոչ:

-Սահմանադրությունն այստեղ ասում է՝ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ազատում է գործից, օրենքը նայում ես, ասում է՝ միայն առաջարկությունը բավարար է: Հիմք լինի, չլինի, միայն առաջարկության դեպքում կարող ես ազատել: Հետեւաբար, Սահմանադրության եւ օրենքի համատեղ մեկնաբանությամբ ստացվում է՝ նախագահը տեսնում է՝ առաջարկություն  կա հանրապետության վարչապետի կողմից, պարտավոր է ազատել, ուրիշ տարբերակ ու լուծում չունի:

-Այլ տարբերակ չկա՞:

-Չէ: Էս գործող Սահմանադրությամբ եւ օրենքի պայմաններում այլ տարբերակ չկա: Այս երկու հոդվածները, եթե համատեղեք, մի հոդվածում Սահմանադրություն ասում է՝ օրենքով նախատեսված դեպքերն ու կարգը որ դիտարկենք, ասում է՝ եթե հիմքերը չլինեն, վարչապետը, միայն առաջարկություն ներկայացնելով ՀՀ նախագահին, կարող է ազատել Գլխավոր շտաբի պետին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

10 ԳԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Ալիեւի հայտարարությունից հետո, որ գերիներ չեն վերադարձվելու, շուրջ 10 հոգի վերադարձել է: Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

 

«Դուք գիտե՞ք՝ 1994 թվականի զինադադարից հետո երբ են առաջին գերիները վերադարձել, գերիները վերադարձել են 1995 թվականի գարնանը»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ շատ հանգիստ կարող է չկատարել իր առջեւ դրված պարտականությունները եւ ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դուք չգիտե՞ք՝ Ադրբեջանն ինչ տեսակի պետություն է, կարո՞ղ է եվրոպական կամ Եվրոպայի անդամ երկրի մասին ենք խոսում, որ ասում եք՝ իր պարտականությունները չի կատարում. դա այդպիսի պետություն է, որ կարող է նաեւ չկատարել պարտականությունները եւ շատ հանգիստ կարող է ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, եթե դրա համար քաղաքական նախապայմաններ է տեսնում»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ ներքաղաքական խնդիրները անբարենպաստ վիճակ են ստեղծում արտաքին քաղաքականության հարցերը լուծելու համար: «Ինչքան ավելի քիչ քաղաքական պրոբլեմներ, այդքան ավելի բարենպաստ միջավայր արտաքին քաղաքական պրոբլեմները լուծելու համար: Ադրբեջանական ցանկացած ներքաղաքական անկայունություն մեզ օգուտ է, դե մեր մոտի անկայունությունն էլ իրենց է օգուտ»,- ասել է պատգամավորը: Արման Եղոյանը նաեւ մեկնաբանել է Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները՝ նշելով՝ չի հասկանում, թե ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

«Տավուշի թեման քննարկում է միայն Հրանտ Բագրատյանը, ես այս աղմուկը անկեղծորեն չեմ հասկանում: Սյունիքի դեպքում դեռ նոյեմբերին վարչապետն ասել է, որ լինելու է սահմանազատում: Մենք պետք է թույլ չտանք, որ նման թեմաներ շահարկվեն, ընթացքից էլ շատ բան է կախված, որ գրում են՝ պանիկա է եւ այլն: Ես ասեմ՝ ամեն փաստ չէ, որ պետք է արձանագրել»,- ասել է Ա. Եղոյանը:

 

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Հայաստանում նվազում է նաեւ նշված ոլորտում կիրառվող նյութերի արտադրությունը: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գաջի արտադրության ծավալները նվազել են 59.2 տոկոսով: Շինարարության ոլորտում ամենակարեւոր ապրանքատեսակը՝ ցեմենտը, այս տարվա հունվարին գրեթե չի արտադրվել. արտադրվել է չնչին քանակությամբ` 2700 տոննայի չափով: Անցած տարվա հունվարին արտադրված ցեմենտը կազմել է 7900 տոննա: Նշենք, որ մեր հանրապետությունում ցեմենտի արտադրությամբ զբաղվում են Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները, նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը: Մասնագետների խոսքերով՝ ցեմենտի արտադրության ծավալների նվազման պատճառը եղանակային վատ պայմաններն են: Ինչպես հայտնի է, այս ամիսներին երկրում շինարարություն գրեթե չի կատարվում, այսինքն՝ պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Ցեմենտ արտադրող ընկերությունները հույս ունեն, որ այս ոլորտում դրական տեղաշարժ կլինի եղանակային պայմանները բարելավվելուց հետո:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Ինչպես հայտնի է, Տիրան Խաչատրյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի՝ 24.02.2021 թվականի թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը՝ Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան մարտի 3-ին։ Հայցն արդեն մուտք է եղել ՀՀ վարչական դատարան, այն դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է։ Իսկ ո՞վ է նորանշանակ երիտասարդ դատավորը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վերջինս, ըստ դատական համակարգի, բավականին աջակցություն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից, սակայն, անկախ այդ հանգամանքից, դատավորները արձանագրել են, որ Մերի Համբարձումյանը մշտապես աչքի է ընկել օբյեկտիվ որոշումներով, ինչը հուսադրում է, թե Տիրան Խաչատրյանի հարցում նա եւս կցուցաբերի օբյեկտիվություն: Ի դեպ, դատավոր Համբարձումյանը 2020 թվականին ընտրվեց դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

 




Լրահոս