Օրերս Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաեւ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։
Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը, ու ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի տիրոջ հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետեւելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս եւ փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել եւ խուզարկել են Սիսիանի բաժնում, եւ պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն ոը փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են՝ պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»,-մանրամասնել է նա։
Սահակյանի խոսքով՝ այժմ որոշակի դժվարություններ կան՝ կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաեւ, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։ «Նրանք բռնվել են փետրվարի 22-ին. իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով, եւ մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,-ընդգծել է նա։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը:
ՆՈՐԱԾԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ
Մարտի 7-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա.-ից, որը հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Նա դրա մեջ մեղադրում է բժիշկներին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։55-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա.-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ.-ն։ Արթուր Ա.-ն ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն.-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ.-ն գտնվում է ծանր վիճակում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Հանրապետության տարածքում մարտի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։ Երեւան քաղաքում մարտի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
182 ՆՈՐ ԴԵՊՔ
Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ը` առողջացած, 3232-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755 348 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած եւ 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է: