«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի կողմից առաջարկված ձեւաչափով հանդիպմանը` պնդելով, որ նման կազմով հանդիպում պետք է կայանա միայն ուղիղ եթերի պայմաններում: ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կհայտնի նոր հանդիպման մասին, քանի որ մինչ այս միայն «Լուսավոր Հայաստանն» էր արձագանքել հրավերին` հաստատելով, որ կմասնակցի քննարկմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցուփորձ արեց նախագահին մերժած ուժերի շրջանում` հասկանալու համար, թե ինչու չգնացին հանդիպման: Պարզվեց` որեւէ մեկը շարժման լիդերներից չի վստահում ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին, նրանք մտաբերում էին մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում ուղղակի կամ միջնորդավորված փոխանցվել են ՀՀ վարչապետի կամ նախագահի անունից, բայց հետագայում հարցերը լուծվել են այլ կերպ, քան խոստացված է եղել: Դրա համար այս անգամ եղել է հրապարակավ հավաքվելու պահանջ, որպեսզի ուղիղ եթերում հնչեցված խոստումներից հնարավոր չլինի հետ կանգնել:
Բայց, մյուս կողմից էլ, անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ԱԺ խմբակցությունների հետ պետք է որոշվի արտահերթ ընտրությունների հարցը, մի խմբակցությունը համաձայնում է, մյուսը, թեեւ «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, դեռ լռում է, իսկ երրորդ` առավել ռադիկալ կողմը, մերժում է:
Ամեն դեպքում, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք հուշագիր կստորագրեն ամեն գնով, միայն թե արտահերթ ընտրություններ լինեն: Մնում է հասկանանք՝ այսօր կամ վաղը ինչ կասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց նրանց դիրքորոշումների եւ վարչապետի որոշման արդյունքում էլ կլուծվի արտահերթ ընտրությունների հարցը, եւ կսահմանվեն ժամկետներ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։