ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Կառավարական ամառանոցների իր տուն է հրավիրել ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներին:
Ըստ մեր տեղեկությունների՝ գրեթե բոլորը ներկա են եղել հանդիպմանը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումն, ըստ էության, աշխատանքային է եղել. քննարկվել են առաջիկա անելիքները, հարցեր են հնչեցրել պատգամավորները ու փորձել են պարզել առաջիկա արտահերթ ընտրությունների անցկացումը որ ժամկետումներում է պատրաստվում իրականացել Փաշինյանը:
Ըստ նույն տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել թիմին համատեղ աշխատանքի, նվիրվածության և այդ դժվարին օրերին թիմը չլքելու համար, միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքը վերջին շրջանում մարզային տարբեր այցեր է կատարում և համոզվում, որ շարունակում են վայելել ժողովրդի սերն ու վստահությունը:
Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին խնդիրներ չեն ունենալու:
Վերջինս արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին որևէ հստակ բան չի ասել, նրա խոսքերից իմքայլականները հասկացել են, որ այն հնարավոր կլինի իրականացնել աշնանը. ինչպես ինքն է նշել, մինչ այդ բազում հարցեր կան լուծելու։
Մասնավորապես, Փաշինյանը հանձնարարել է խորհրդարանականներին Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջիկայում արդեն օրակարգ բերել, և պետք է ամեն ինչ անել ընդդիմության հետ կոնսենսուս ունենալու համար:
Վարչապետն ասել է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը օրենսգրքից հանելու հարցը պետք է անպայման հավանության արժանանա խորհրդարանական ընդդիմության կողմից, հակառակ դեպքում միջազգային կառույցների մոտ դա բացասական արձագանք կստանա։
Եթե ընդդիմությունը չհամաձայնվի միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ, ուրեմն իրենք պետք է զիջեն ու շատ լուրջ պատրաստվեն մարզերում ձայներ ունենալու համար:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման ձևաչափով իրենք էլի կհանդիպեն ու իրենց անելիքները կքննարկեն:
Սոնա Գրիգորյան