ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն տարածաշրջանային այցով երեկ Հայաստանում էր, իսկ մինչ այդ նաեւ Ադրբեջան էր այցելել:
«Կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը», – Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Ավելի վաղ նույն շեշտադրումները արել էր նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Լինդեի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունում։ Արտաքին գերատեսչությունում իր կարճ ելույթում Լինդեն ուղիղ չխոսեց գերիների վերադարձի մասին, միայն ակնարկեց՝ կարևոր է հարգանքը հումանիտար իրավունքի հանդեպ:
Ինչպես արդեն նշեցինք, ԵԱՀԿ գործող նախագահը Երեւան այցից մեկ օր առաջ Բաքվում էր եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ևս ակնկարկել էր, որ բոլոր գերիների վերադարձը կնպաստի հետագա գործընթացների մեղմացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայրամովը հերթական անգամ ասել էր, որ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանում պահվող գերիներին էլ նորից ահաբեկիչ էր անվանել։
Ի դեպ, ՀՀ վարչապետը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում ասել է, որ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան:
Իսկ Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:
Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները տրամագծորեն այլ շեշտադրումեր են արել։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը նախարարը շեշտել են, որ դեռևս չլուծված են շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.