ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԻԿԲԵԶ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց: Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները:

«Ամենեւին հարկ չհամարելով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի լիրիկական զեղումներին՝ անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են: Այսպես, դատախազությունը մեզ «պարզաբանում է», որ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությունը՝ Ինտերպոլը, քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ: Ըստ դատախազության՝ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլեւ չի ստուգում մանրամասները։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»:   Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետեւյալն է`

ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում,

բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը,

գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։ Ինտերպոլի կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովն է, որ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ կազմակերպության կողմից անձին վերաբերող փաստաթղթերի շրջանառությունը համապատասխանի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին: Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական  հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որեւէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին: Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը:

Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ:

 

 

 

 

Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու մասին»  նախագիծը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Փաստորեն, իշխանական խմբակցությունը հերթական անգամ չի սպասել, որ մասնագիտական հանձնաժողովից եզրակացություն գա, հեղինակավոր այդ կառույցի կարծիքը համարում են միայն խորհրդատվական բնույթի եւ որոշել են այդպիսի լուրջ փոփոխություններ կատարել՝ առանց նրանց կարծիքին սպասելու: Սակայն գաղտնիք չէ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների շուտ անցկացմանը Ընտրական օրենսգիրք կամ Սահմանադրություն փոխելուց հետո, եւ առաջարկում են գոնե սպասել վեց ամիս: Եվ թերեւս սա է պատճառը, որ այս անգամ իշխանությունները որոշել են անգամ չսպասել եզրակացությանը եւ փաթեթը դնել շրջանառության մեջ ու խորհրդարանում քննարկել հարցը առանց դրա: Սակայն նկատենք, որ առաջարկվող փոփոխությունները էական են. պետք է փոխվի ընտրակարգը, կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմը, ընտրագրավը եւ այլն: Հավելենք, որ նախագիծը մշակվել է հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից:

 

 

 

ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսեւորվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին եւ ներկա պաշտոնյաներին եւ աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, եւ արդեն երկար ամիսներ է, ինչ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միեւնույնն է, քննիչները ոչինչ չեն անում եւ ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում: Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, եւ քրեական գործերը դոփում են տեղում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված:

 

 

 

Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, համենայնդեպս այդ մասին վկայում են պաշտոնական թվերը: 2019-2021թթ. ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին, 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 92.5%, այնինչ 2020թ. հունվարին, 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 109.2 տոկոս էր կազմում: Մեկ այլ ցուցանիշ. առեւտրի շրջանառությունը 2021թ. հուվարին կազմել է 186,933.0 մլն դրամ, ինչը 2020 եւ 2019 թվականների նույն ժամանակաշրջանների համեմատությամբ պակաս է համապատասխանաբար 20,396.2 եւ 868.6 մլն դրամով: Աշխատանք փնտրողների թիվը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 88929 մարդ, ինչը 3543 մարդով կամ 4.1%-ով ավել է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 7015 մարդով կամ 8.6%-ով ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:  Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2021թ. հունվարի դրությամբ կազմել է 61757 մարդ, ինչը 247 մարդով կամ 0.4%-ով պակաս է 2020թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 2874 մարդով կամ 4.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այսինքն՝ այս իշխանությունների ձախողումը տարեցտարի արտացոլվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ:

 




Լրահոս