Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից ելնելով։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւանա լճում արդյունագործական նպատակերով որսի իրականացման գործնթացն առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամային գրաֆիկի հաստատման լիազորությունը լրազոր մարմնին վերապահելը միտված է որսի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ ձկնորսների անվտանգության ապահովման պահանջից։
Համաձայն ԳԱԱ 2020 թվականի հաշվառման տվյալների՝ Սեւանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա է: Ինչպես նշել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, 2021 թվականի համար փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում սահմանվել է առավելագունը 250 տոննա չափաքանակ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճելի է արձանագրել, որ, ի վերջո, Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների եւ կառավարության համագործակցության կոնկրետ կանոններ եւ հարթակ է ձեւավորվել: Իհարկե, վերջին ամիսների փորձից ելնելով՝ չենք կարող ասել, որ այդ համագործակցությունը կատարյալ է, բայց գործընթացը սկսվել է: Մենք անշեղորեն գնալու ենք կանոնակարգման ճանապարհով, որը ձեռնտու է լինելու առաջին հերթին Սեւանա լճի խելամիտ շահագործմամբ հետաքրքրված մեր քաղաքացիներին: Ուզում եմ կրկնել այն միտքը, որ Սեւանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը եւ զարգացումը ապահովելու համար կառավարության ձեռնարկած միջոցները կառավարության անդամների համար չեն նախատեսված: Ի վերջո, այս գործողություններն առաջին հերթին միտված են Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը եւ ոլորտի զարգացումը ապահովելու համար: Շատ կարեւոր է, որ մենք առաջընթաց ունենք: Շատ կարեւոր է արձանագրել նաեւ, որ այս տարի մենք հիմա Սեւանա լճի մակարդակի աննախադեպ աճ ունենք»:
Արձագանքելով՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ, նախորդ տարվա նույն ժանակահատվածի հետ համեմատած, լճի մակարդակը 15 սմ բարձր է: «Ընդհանրապես առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ, վերջին տասնամյակների համեմատ, աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու ենք 1901 մետր նիշի մակարդակին: Կարող եմ նաեւ մատնանշել, որ դա նաեւ արդյունք է Արփա-Սեւան ջրատարով, թունելով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի դեպի Սեւանա լիճ, ինչպես նաեւ ոռոգման նպատակով, ոռոգման սեզոնին կանոնակարգված եւ խիստ հսկողության ներքո ջուր բացթողումների, որն իրականացվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Ջրային պետական կոմիտեի եւ մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ», -ասել է նախարարը:
Վարչապետը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Միակ խնդիրը, որ այս պահին կա, Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարեւան երկրում ջրամբարների կառուցմամբ եւ ջրի ծավալների օգտագործմամբ: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է նշենք, որ ձնհալը հիմնականում տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավականին շատ են: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի, որպես այդպիսին, քիչ կունենանք»,-ասել է ՏԿԵ նախարարը:
Կառավարության ղեկավարն այդ հարցում ընդգծել է ջրային պաշարների պատշաճ կառավարման ապահովումը: «Կարեւոր է նաեւ, որ այն պատշաճ ձեւով հասնի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Համենայնդեպս, գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ բավականին լավն են, եւ պետք է նաեւ ծրագրերը հասցեական եւ արդյունավետ իրականացնենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՆԱ
Կառավարությունը հավանություն չի տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում: Որպես հիմնավորում նշվել է, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները: Ուստի նախագծի ընդունումը պայմանավորված է խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորին հավասար հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԶԵՆՔ ՉՎԱՃԱՌԵԼ
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին:
Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ թվում եւ անօդաչու թռչող սարքերն ու կլաստերային ռումբերը, որոնք արգելված են մոտ 100 երկրի կողմից: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործում էր իսրայելական զենքերն անմեղ քաղաքացիական բնակչության, այդ թվում եւ՝ կանանց ու երեխաների, տարեցների, ինչպես նաեւ հիվանդանոցների ու եկեղեցիների վրա հարձակում գործելու նպատակով: Ներկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը զենքի վաճառքի մեկ այլ համաձայնագրի շուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանի հետ, ինչին ի պատասխան՝ տեղի հայկական համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել:
Հավաքվելով Elbit Systems ընկերության դիմաց՝ համայնքի անդամները պահանջել են Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին: Հայերը հիշեցրել են, որ Ադրբեջանում աճող իսլամիստական ֆունդամենտալիզմի եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության պայմաններում այդ երկիրը չի կարող վստահելի դաշնակից լինել Իսրայելի համար:
ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔՈՎ
«Մենք տեսնում ենք կովկասյան օրակարգի կողմնորոշումը: Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային բավականին տիպական հակամարտությունից վերածվում է Սիրիայում գոյություն ունեցողին նման ինչ-որ բանի»,-Երեւանում կլոր սեղանի շուրջ քննարկման ժամանակ ասել է ռուս քաղաքագետ եւ պատմաբան Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կարելի է նկատել թուրք-ռուսական «համատիրություն», որը շատ տարբեր արձագանքներ եւ տարբեր գնահատականներ է առաջացնում: «Սրա հետ կապված առաջանում է անցյալի եւ ներկայի միջեւ զուգահեռներ գտնելու գայթակղություն»,- խոստովանել է նա: Քաղաքագետը, սակայն, համոզված է, որ չարժե նման զուգահեռներ փնտրել: Նրա կարծիքով՝ անցյալ դարի 20-ական թվականների Թուրքիան եւ Ռուսաստանը չափազանց շատ են տարբերվում իրենց ժամանակակից քաղաքական եւ պետական կազմավորումներից:
Ինչպես հավաստիացրել է նա, սկզբում ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ռուսաստանում չի եղել ինչ-որ մեկ քաղաքական միջուկ, քանի որ այն տարիներին թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ էր ընթանում: Ավելին՝ ո՛չ բոլշեւիկյան ղեկավարությունը, ո՛չ Քեմալ Աթաթուրքի կառավարությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէին:
ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ
Այս պահի դրությամբ Ամուլսարի շահագործման վերաբերյալ որեւէ որոշում ֆիքսված չէ։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Ես հենվելու եմ քրեական գործի վարույթով բացված հնարավոր ապօրինությունների, առերեւույթ խախտումների վրա, որոնցով էլ կպայմանավորեմ իմ հետագա պաշտոնական գործիքակազմերի իրացումը։ Եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը, վերհանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն ՇՄԱԳ-ը, մինչ այս տրամադրված վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես իմ լիազորություններով ամենախիստ հակադարձումը կանեմ։ Բայց եթե իրավական երկրում նման օբյեկտիվ իրականություն ի հայտ չգա, շրջակա միջավայրի նախարարը որեւէ մանդատ չունի միջամտելու այդ գործընթանցին»,- նշել է նա:
Այն դիտարկմանը, որ երեք տարվա ընթացքում գործող իշխանությունը չի կարողացել լուծել Ամուլսարի հարցը, նախարարը հակադարձել է. «Երեք տարի չկա, որ մեր իշխանությունը գործում է հանրապետությունում»։