Այս պահի դրությամբ Հայաստան է վերադարձել 70 ռազմագերի, այն դեպքում, երբ ՄԻԵԴ ներկայացված՝ միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներն անցում են 200-ը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է մոտ 100 անձի գերեվարված լինելու փաստը:
Եվ հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում, այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում տեղեկություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին։
Եվրոպայի խորհրդի քաղաքական որոշումներ կայացնող մարմինը՝ նախարարների կոմիտեն, ունի լծակներ` ազդելու Ադրբեջանի վրա, սակայն պարզ չէ, թե կոմիտեն ինչ ճանապարհ կընտրի՝ պատժամիջոց, դատապարտող հայտարարություն, հանձնարարական: Վերջին անգամ հայ գերիների վերաբերյալ տեղեկություն Ադրբեջանը տրամադրել է մեկ ամիս առաջ: Հայկական կողմի տվյալով` Բաքվում պահվող գերիների շարքում նաև կանայք կան` նոյեմբերի 10-ին ամուսնու հետ Գիշի գյուղի իր տուն վերադարձող 76 տարեկան Էլզա Սարգսյանը և սեփական տնից այդպես էլ չհեռացած ու ըստ ականատեսների՝ գերեվարված մայր ու աղջիկ՝ Վարյա ու Անահիտ Թունյանները՝ Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի 28 բնակիչներից երկուսը։
Հայ ռազմագերիների հարցով բավականին սուր հայտարարությամբ հանդես է եկել Human Rights Watch (HRW) իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը` նրանց խոշտանգումները համարելով պատերազմական հանցագործություն:
Human Rights Watch-ը զրուցել է չորս նախկին ռազմագերիների հետ, և ըստ նրանց նկարագրության՝ ադրբեջանական բանտում ենթարկվել են երկարատև ու պարբերաբար կրկնվող ծեծի։ Նրանցից մեկին խոշտանգել են մետաղե սուր ձողով, մյուսին` էլեկտրական հոսանքով, երրորդի վկայությամբ՝ բազմաթիվ անգամ իրեն այրել են կրակվառիչով։ Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ նրանք պահվել են արժանապատվությունը նսեմացնող պայմաններում, կալանավորման առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել, իսկ ուտելիք գրեթե չեն տվել։
Իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրի նրանց մասին, ում վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտերում։
Մանրամասները՝ տեսանյութում