Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են արդիակացնել այն:
Բանն այն է, որ գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային եւ օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման եւ կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին, եւ դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները: Բացի այդ, վարչապետի 2020 թվականի որոշմամբ՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման եւ հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից էլ մշակվել է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծը:
Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Ելնելով պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարեւորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում առաջացող հնարավոր հետեւանքներից ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին պատճառված վնասների չափերից, ինչպես նաեւ այդ տեղեկությունների պահպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
«Հատուկ կարեւորության»,
«Հույժ գաղտնի»,
«Գաղտնի»:
Իսկ հոդված 8-ն էլ սահմանում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական եւ ծառայողական գաղտնիք:.
Ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական եւ օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման եւ անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ եւ զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության եւ զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման, աշխարհազորի կիրառման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության, ինչպես նաեւ ղեկավարման համակարգի միջոցների տարրերի ենթակառուցվածքային փոխդասավորության, գործունեության ալգորիթմների, համակարգի հասանելիության, ամբողջականության եւ գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումների մասին,
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
Արտաքին հարաբերությունների բնագավառում`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առեւտրային, վարկային եւ արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարեւոր շահերին,
2) օտարերկրյա պետությունների հետ ռազմական, գիտատեխնիկական ու այլ տեսակի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարեւոր շահերին:
Այս նախագիծը մինչ ապրիլի 7-ը տեղադրված կլինի միասնական կայքում եւ կանցնի հանրային քննարկման:
Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ն.Հ.
ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:
Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ա. Հ.-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների եւ զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն.-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել եւ Ա. Ն.-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն.-ի որդին: Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը, 2021 թվականի մարտի 18-ին իր՝ Երեւանում գտնվող տանը Ա. Ն.-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաեւ դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից եւ ձերբակալվել: Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Խաչատրյանը պահանջել է դատարանից պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին: Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ հայց էլ ներկայացրել է՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:
Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա տղամարդը Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչ իր ծանոթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրա օժանդակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման շուրջ: Վերջինս գործով չպարզված անձից 100.000 ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 13.55 գրամ քաշով, ինքնաշեն եղանակով պատրաստված «Ափիոն» տեսակի թմրամիջոց, փոխանցել Լոռու մարզի բնակչին, որը վերջինս ապօրինի պահել է իր մոտ, ինչն էլ հայտնաբերվել եւ վերցվել է կատարված անձնական խուզարկությամբ:
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչը գործով չպարզված անձից եւ հանգամանքներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու միասնական դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.52 գրամ քաշով «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից 6.54 գրամը 2020թ. փետրվարի վերջերից մինչ մարտ ամսվա սկիզբն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի բնակչին: Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյումրի քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Երեւանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Լոռու մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Քրեական գործով մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաեւ քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: