«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել:
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 6.7 տոկոսով: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.3 տոկոսով:
Մասնագետների խոսքերով՝ մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Անկում արձանագրվել է նաեւ արդյունաբերության ոլորտում. ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները 7.9 տոկոսով են պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 12.2 տոկոս:
Մասնավորապես, արտահանման ծավալներն են 5.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 15.8 տոկոսով: Եւ այս տխուր ցուցանիշների ֆոնին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, թե այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Նախարարն արդարացել է՝ նշելով, որ նախորդ տարվա փետրվարին տնտեսական անկումն ավելի քիչ է կազմել, քանի որ փետրվարը մեկ օր ավել է ունեցել։
Ապա վերահաստատել է իր նպատակը՝ «երկնիշ տնտեսական աճ»: Թե այս ցուցանիշներով Հայաստանը երբ կունենա երկնիշ տնտեսական աճ, առայժմ հայտնի չէ: