Նիդեռլանդների իշխանությունները համաձայնել են «Եվրատեսիլն» անցկացնել հանդիսականների ներկայությամբ: Այս մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հայտնում է, որ Նիդեռլանդների նախարարների կաբինետը ցանկանում է կազմակերպել այս միջոցառումը՝ որպես «դաշտային լաբորատորիա», «գործնական թեստ» սովորելու համար, թե ինչպես կարելի է նման խոշոր շոուները անվտանգ բեմադրել համաճարակի ժամանակ:
Ըստ NOS-ի՝ առավելագույնը 3500 հանդիսական կկարողանա ներկա գտնվել միջոցառման փորձերին, կիսաեզրափակչին և եզրափակչին:
Եվրատեսիլին ներկա գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, նշում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ փառատոնը հանդիսատեսի հետ անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Պլանները կարող են փոխվել, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանա:
Եվրատեսիլի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը հայտարարել է, որ մրցույթի կանոնակարգերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ: