Ադրբեջանի ականազերծման ծառայությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքում ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 2 պայթած հրթիռների մնացորդներ, որոնց սերիական համարները (9M723) հաստատում են, որ դրանք «Իսկանդեր» համալիրի հրթիռներ են եղել։
«Անգամ ինտերնետի բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ծառայության (ANAMA) ներկայացուցիչը։
Այստեղ հետաքրքիր է, որ Մոսկվան հայտարարել էր, թե վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել, իսկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։ «Մերժվածը պետք է որ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով», – ասել է Փաշինյանը: Ճշտող հարցին, թե այդպես էլ է լինում արդյոք, վարչապետը պատասխանեց.«Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:
Մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ դրանք ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաեւ «Իսկանդերի» հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։ Այդ հայտարարությունից օրեր անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս կրկնել էր ռուսական կողմի հայտարարությունը եւ պնդել, որ չեն արձանագրել որեւէ փաստ, որ Հայաստանը պատերազմում «Իսկանդեր» է կիրառել։
Նկատենք, որ ռուսական արտադրության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգը արցախյան վերջին պատերազմում կիրառելու մասին առաջին անգամ ակնարկել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Ընդ որում, այդ հայտարարությունը նա կրկնեց նաեւ երկրորդ ասուլիսի ժամանակ:
Իսկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին խոսել էր նաեւ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ, իսկ Շուշիում ու Շուշիի համար մարտերը պատերազմի վերջին օրերին էին ընթանում։
Փաշինյանը որոշել էր նույն ոճը պահպանել. եթե Սարգսյանը նրան «կապիտուլյանտ» էր ասել՝ չտալով անունը, Փաշինյանն էլ Սարգսյանին «մերժված» անվանեց։
Նշենք, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա են «Իսկանդեր» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ եւ ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ «Իսկանդերի» բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչեւ 200 մետր հեռավորության վրա:
Դեռեւս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգեւորությամբ ներկայացնում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։ Տեսանյութի հետ կապված, սակայն, եղան հակադարձումներ, որ այնտեղ այլ հրթիռային համակարգ է երեւում։ Հատկանշական է, որ ՀՀ եւ ԱՀ զինված ուժերի սպառազինությունում կա երեք տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռ՝ «Տոչկա», Ռ-17 «Էլբրուս» («Սկադ-Բ») եւ «Իսկանդեր»: Տեսանյութում հստակ երեւում է, որ միեւնույն արձակման կայանը 41 վայրկյան տարբերությամբ արձակում է երկու հրթիռ: Նշված երեք տեսակի տակտիկական հրթիռների կայանքներից «Տոչկան» ու «Էլբրուսը» կրում են մեկական հրթիռ, եւ կայանքից այլ հրթիռ արձակելու համար պետք է այն վերալիցքավորել, ինչը բավականին երկար գործընթաց է (ավելի քան 15 րոպե): «Իսկանդերի» արձակման կայանը, սակայն, կրում է երկու հրթիռ եւ կարող է դրանք բաց թողնել այդպիսի ժամանակահատվածում: Ավելին, տեսանյութում նաեւ երեւում է, որ երկու հրթիռների արձակումից առաջ կայանքի նկատմամբ դրանց դիրքը տարբերվում է: Դա ամբողջությամբ բնորոշ է «Իսկանդերին», քանի որ դրա արձակման կայանում հրթիռները տեղակայված են աջից եւ ձախից: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «Իսկանդեր» հրթիռային համալիրները Արցախյան վերջին պատերազմի ընթացքում չեն կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։
Ն.Հ.
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Ապրիլի 1 -ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Դեռ օրեր առաջ Զախարովան հայտնել էր, որ հանդիպումները տեղի կունենա ապրիլի 2-ին: Այժմ օրակարգում փոփոխություն է տեղի ունեցել: Հանդիպումները կկայանան Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
ՏՆՕՐԵՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Միեւնույն ժամանակ նրա առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմամբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիմոնյանն առաջիկայում տեղափոխվելու է ԱԱԾ՝ զբաղեցնելով ծառայության տնօրենի տեղակալի, ապա տնօրենի պաշտոնը:
ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Հայտարարվել է Երեւանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը. երեկ երեկոյան հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչեւ հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների եւ ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական եւ հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ», – փոխանցել է Ավինյանը:
ԿՈՄԱՆԴՈՍԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Մարտի 31-ին 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Տեր-Թադեւոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետեւ՝ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։ 1988 թվականին միացել է Արցախի ազատագրման պայքարին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է Հաայստանի Հանրապետության պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադեւոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին: «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավացություն է հայտնում Արկադի Տեր-Թադեւոսյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
Անցկացված հարցման արդյունքներով` քաղաքացիների 62.9 տոկոսը գտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրապնդի համագործակցությունը: Այս մասին ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետեւյալ հարցին. ըստ իրենց՝ Հայաստանը ո՞ր երկրների կամ միությունների հետ պետք է ամրապնդի իր համագործակցությունը: «Ռուսաստանի հետ նշել է 62.9 տոկոսը, ԱՄՆ-ի հետ` 16.4 տոկոսը, Ֆրանսիայի հետ` 6.4 տոկոսը, Եվրոպական Միության հետ` 5.2 տոկոսը, Չինաստանի հետ` 2.6 տոկոսը, Իրանի հետ` 2.4 տոկոսը, ԵԱՏՄ-ի հետ` 1.5 տոկոսը, ՆԱՏՕ-ի հետ` 0.7 տոկոսը, Վրաստանի հետ` 0.7 տոկոսը, եւ ՀԱՊԿ-ի հետ` 0.2 տոկոսը: Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին հեռախոսային զրույցի միջոցով մասնակցել է 801 անձ:
ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ թողնում է պաշտոնը: «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որեւէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով»,-հայտնել է նա:
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել, նրա նկատմամբ վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Մհեր Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով: