«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը:
Հիշեցնենք, որ այս հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 10-ին: Եվ, ահա, Սահմանադրական դատարանը որոշել է դիմումն ընդունել քննության եւ որոշել օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»: Հավելենք, որ այս գործով առաջին նիստը տեղի կունենա երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։