ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Դանիբեկյանը կկարճի՞ Ռոբերտ Քոչարյանի գործը. ինչ է սպասվում այսօր դատարանում 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը ամենայն հավանականությամբ կկարճի Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց սահմանադրական կարգի տապալման մասով առաջադրված մեղադրանքը: Ըստ մեզ հասած լուրերի` դատավոր Դանիբեկյանը մասնագետների հետ զրույցում բացատրել է, որ այս փուլում այդպես կվարվի, իսկ եթե Սահմանադրական դատարանը բավարարի Գլխավոր դատախազի դիմումը, որը օրերս ուղարկվեց դատարան, ապա դատավոր Դանիբեկյանի որոշումը կբեկանվի, եւ կսկսվի նոր քննություն:

Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կորոշի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվո՞ւմ է, թե՞ ոչ։

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանին եւ նրա նախկին երկու ենթականերին ներկայացված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը Բարձր դատարանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

Հենց այս որոշման հիման վրա էլ Քոչարյանի ներկայացուցիչները միջնորդել են դատարանին կարճել գործը, եւ որոշումն էլ կհրապարակվի այսօր: Իսկ ինչ է սպասվում դատարանի որոշումից հետո. քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը կարդարացվեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի մասով դատավարությունը կշարունակվի, քանի որ նրանք մեղադրվում են նաև այլ հոդվածներով։

Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով, իսկ Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Սակայն նկատենք՝ մինչ Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանները խոսում են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե 2008-ին մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների համար նրանց պետք է մեղադրանք առաջադրվի մեկ այլ հոդվածով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։

Քնար Մանուկյան




Լրահոս