Դեռեւս մարտի 26-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ոստիկանությունը բերման ենթարկեց այն բանի համար, որ վերջինս հրաժարվում էր լքել իր կուսակցության գրասենյակը: Բանն այն է, որ Հարությունյանը 2009 թվականից գրասենյակի վարձավճարները չէր վճարել, ինչի համար դատարանը որոշել էր նրան վտարել գրասենյակից: Armlur.am-ը զրուցել է Արամ Հարությունյանի հետ` պարզելու համար, թե ինչպես լուծվեց հարցը, ու արդյոք իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-Պարո՛ն Հարությունյան ի՞նչ եք պատրաստվում անել:
-Բերման ենթարկելու ժամանակ ինձ ասացին, որ ներխուժել եմ էդ տարածք, բայց 20 տարի նույն տարածք չեն ներխուժում: Ես ենթադրում եմ, որ դա ավելի շատ կապված էր «սնայպերների» հետ: Մեր դիրքն այնպես է, որ ինձ թվում է՝ այդտեղ ուզում էին «սնայպերներ» դնեին, ու ուզում էին ինձ հանեին:
-Ի՞նչ լուծում ստացավ հարցը: Ձեզ դո՞ւրս են հանել այդ տարածքից:
-Մեզ չեն կարող հանել, մենք պայմանագիր ունենք: Ինչի՞ մասին է խոսքը: Այսօր ես լուրջ չեմ համարում՝ տարածքի հետ կապված խոսակցություններ լինեն այն դեպքում, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյայի մեղքով այդքան տարածքներ տվեցինք, էլ չեմ խոսում հակահամահայկական հիմնադրամի գումաները գրպանվելու մասին:
-Արդեն որոշված է հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու օրը: Ձեր կուսակցությունը որոշում ունի գնալ արտահերթ ընտրությունների: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է մասնակցել արտահերթ ընտրություններին:
-Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի չի գնալու ընտրությունների, սա ընդամենը իմիտացիա է: Նա այդպես է վարվում, որպեսզի ֆոն ստեղծվի, թե Ընտրական օրենսգիրքն են փոխում եւ այլն, բայց համոզված եմ, որ նա այդ ամենն անում է, որ թիմը տակից չփախչի: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետեւ եթե նա մի գյուղ գնալու համար այդքան ռեսուրս է օգտագործում, այդքան «սնայպերներով», ամբողջ քարոզարշավի ընթացքում հնարավոր չէ՝ պետական համակարգը կանգնի: Նա ինչ-որ տեղերում փորձում է խաբել ժողովրդին, բայց այս քարոզարշավի ընթացքում տարբերակ չունի: Կրկնում եմ, որ ինքն իր անվտանգության խնդիրը չի լուծել: Ես վատագույն տարբերակն եմ ասում մեր ժողովրդի ու պետության համար. եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրություններ անցկացնել, այն էլ՝ համոզված եմ, որ կեղծիքով կվերընտրվի, այդ ժամանակ ի՞նչ է լինելու: Այսինքն՝ էլի 24 ժամ, 5 տարի ինքը վախի մեջ է ապրելու, այդպես չէ, որ ինչ-որ բան է փոխվելու իր կյանքում:
-Այսինքն՝ Ձեր կուսակցությունը կարծում է, որ ընտրություններ չեն լինելու, հետեւաբար ընտրություններին չեք էլ պատրաստվո՞ւմ:
-Չէ, մենք միշտ պատրաստ ենք: Եթե հարցը հասնի նրան, որ արտահերթ լինի, մենք մեր դիրքորոշումն ունենք: Մենք պետք է կռիվ տանք: Ժողովրդին պետք չէ մենակ թողնել, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է աներեսության շնորհիվ գնալ արտահերթ ընտրությունների իր օրոք: Իր համար էլ է լինելու վատագույն տարբերակը:
-Ի՞նչ իմաստով է վատագույն տարբերակը լինելու:
-Վատագույնը կլինի, քանի որ իր հոգեկան հիվանդությունները, առանց այն էլ կասկածում ենք, որ ունի հոգեկան խնդիրներ, ու հնարավոր է վախից իր հիվանդությունը ցրվի: Ինքը չի կարող նորմալ քարոզարշավ անել:
-Դուք որոշում ունե՞ք՝ դաշինքով գնալ ընտրությունների կամ միայնակ գնալ: Քննարկվում է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ դաշինք է ստեղծվում: Որոշե՞լ եք, թե դուք ինչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին:
-Եթե հետեւել եք իմ գործունեությանը, ապա իմ տեղը լինելու է այն թիմում, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է: Մնացածը տեխնիկական խնդիր է: Հարցը համոզմունքների, սկզբունքների մեջ է:
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը «Հայրենիքի փրկության շարժման» ոչ բոլոր առաջնորդներն են մեկնելու Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաք հանրության հետ հանդիպելու նպատակով: Բանն այն է, որ դեռեւս մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր պայքարի նոր փուլի մասին։
«Մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմող»,- հայտարարել էին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները:
Նշենք, որ ապրիլի 3-ին շարժումը ազատեց Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ. «Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել եւ ակտիվորեն մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» հանդիպումներին ու հավաքներին»։
Բայց, արի ու տես, վաղը կայանալիք Սեւանի հավաքի հետ կապված անգամ տարաձայնություններ կան շարժման ներսում, քանի որ, առաջնորդներից շատերի կարծիքով, անիմաստ է այս փուլում շրջել մարզերում, այլ պետք է նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Շատերի կարծիքով՝ անիմաստ ժամանակի կորուստ է, քանի որ, միեւնույնն է, ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենք շրջելու են մարզերում:
Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, այդ հավաքներին ներկա կլինեն ՀՅԴ-ականները, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿՍԱՏԱՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Դեռեւս ապրիլի 3-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վերջինս ժամանել էր VIP սրահով, որտեղ նրան դիմավորել էին նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով: ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Կարապետյանը վերջին ժամանակահատվածում շատ հաճախ է Երեւան գալիս: Ավելին, ըստ տեղեկությունների, աշխատանքային օրերին Կարապետյանը Հայաստանում է, իսկ հանգստյան օրերին վերադառնում է իր ընտանիքի անդամների մոտ: Նույն աղբյուրների համաձայն՝ Կարապետյանը հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր գործիչների հետ, հատկապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ու քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Մենք տեղեկացանք, որ Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հստակ ասում է, որ ինքը որեւէ նախընտրական ցուցակում չի լինելու, իսկ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 3-ին օդանավակայանի VIP սրահում են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել: ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարակից զեկույցում գործընկերներին առաջարկել է դրական եզրակացություն տալ փոփոխություններին: Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: