Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սահակյանը, խնդրանքով դիմել է դատարանին: Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաեւ քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ: Ի դեպ, վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ:
Մասնավորապես, Արտյոմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով կազմակերկական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 12.12.2002-27.02.2009թթ. զբաղեցնելով ՀՀ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս:
Կարեն Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես իրականացնելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի լիազորությունները եւ հիշյալ ժամանակահատվածում ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթների իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս:
Արմինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երեւան քաղաքի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, միեւնույն ժամանակ հանդիսանալով 2-2040 քաղաքացիական գործով պատասխանող կողմի` Երեւանի քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ, օժանդակել է 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես նույն վարչության պետի լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձ Կարեն Հեկտորի Սարդարյանին անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեկան դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որի հետեւանքով պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս:
Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան, որտեղ էլ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Տիգրան Սահակյանը, խնդրանքով դիմել է դատարան:
Տիգրան Սահակյանը դատավոր Հարություն Մանուկյանին հայտնել է, որ իր գույքը շուրջ տասն ամիս է գտնվում կալանքի տակ, եւ ինքը, զրկված լինելով այն օգտագործելու հնարավորությունից, միաժամանակ կատարում է այդ գույքի պահպանման համար անհրաժեշտ կոմունալ վճարումները, ինչպես նաեւ վճարում է գույքահարկ: Ավելին, Սահակյանը հայտնել է, որ ինքն այժմ չի աշխատում, ինչպես նաեւ չի կարողանում մեկնել արտասահման, ուստի այդ գույքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրել է թույլատրել այն հանձնել վարձակալության:
Դատախազը, առարկելով գույքի վրա դրված կալանքը վերացնելու դեմ, նշեց, որ նախաքննության ընթացքում՝ մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը, մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է եւ օրինական:
Ինչեւէ, դատավոր Մանուկյանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել եւ մասնակի բավարարել է Գալուստ Սահակյանի որդու խնդրանքը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ՝ դատավոր Հարություն Մանուկյանը որոշել է թույլատրել Տիգրան Գալուստի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնել վարձակալական հիմունքներով, իսկ կալանքը վերացնելու մասով միջնորդության քննությունը հետաձգել եւ դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2017 թվականի ապրիլի 20-ին ընդունվել է «Կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը եւ հաշվետվության ձեւը սահմանելու մասին» որոշումը: Այս որոշմամբ սահմանվել են կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի եւ գույքի մասին հաշվետվությունը հրապարակելու եւ ներկայացնելու կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ձեւը: Օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել է փոփոխություն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում, եւ սահմանվել է, որ կուսակցությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Օրենքի անցումային դրույթներում սահմանվել է, որ կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնելու են արդեն իսկ փոփոխված կարգով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից ընդունված հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը եւ հաշվետվության ձեւը սահմանելու մասին 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունները դուրս են կառավարության իրավասությունների շրջանակից:
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՏՆՕՐԵՆԻՆ
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Պտղունք համյայնքի դպրոցում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պտղունք համայնքի դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը Իսրայել Կոյումջյանին գրանցել է որպես պահակ, իսկ Լայերտ Ժիրայրի Բադալյանին՝ որպես դռնապահ, սակայն վերջիններս դպրոցում աշխատանքի չեն ներկայանում: Պարզվել է նաեւ, որ Արմինե Գրիգորյանը հափշտակում է աշակերտների եւ աշխատակիցների համար պետության կողմից ստացվող ալկոգելը, դիմակները եւ ուսուցիչներին պարտադրում, որ իրենց միջոցներով գնեն ալկոգել եւ դիմակներ: Պարզվել է նաեւ, որ Մեյրանուշ Կարապետյանը, ըստ օրենքի, պետք է գնա տարիքային թոշակի, սակայն Արմինե Գրիգորյանին տվել է 1.000 ԱՄՆ դոլար եւ շարունակում է աշխատել, բացի այդ, չունի ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում եւ կրթություն: Մեր տեղեկություններով՝ Լ. Բադալյանը, Մ. Կարապետյանը եւ Ի. Կոյումջյանը ներկայացվել են բաժին, տվել են բացատրություններ եւ բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու եւ Արմինե Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԹԱՔՈՒՆ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս այնտեղ կմնա երեք շաբաթ: Պարզվում է՝ Հայրապետյանը ոչ միայն հարազատ խմբակցությունից ու թիմից թաքուն է պահել իր՝ ԱՄՆ մեկնելը, այլեւ իր թիմակիցները տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Հայրապետյանը Հայաստան վերադառնալ: Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը ԱՄՆ է մեկնել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին` նախարարից-մարզպետ, արձակուրդ է ուղարկում առաջիկա քարոզարշավին պատրաստվելու, ձայներ հավաքելու համար: Իսկ Հայրապետյանը, փաստորեն, այս պատասխանատու ժամանակահատվածում թիմին մենակ է թողել, որոշել ԱՄՆ մեկնել ու ժամանակ անցկացնել:
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի, ապա Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենք դարձած կառույցը անցած 30 տարում չէր նորոգվել։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ մարտի 15-ին սկսվել են Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվում են եռահարկ շենքի առաջին երկու հարկերում։ Վերանորոգումը կավարտվի մեկ ամսից։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերանորոգման գործի մի մասն արվում է Եվրախորհրդի աջակցությամբ, մյուս մասը՝ համայնքի ֆինանսական միջոցներով։ Համայնքի գումարներով վերանորոգվում են երկու հարկերի միջանցքները, փոխվում է հատակը, պատերը ներկվում են։ Եվրախորհրդի ֆինանսավորմամբ փոխվել են երկու հարկերի միջանցքների պատուհանները, ձեւավորվել է երեխաների հանգստի սենյակ, որտեղ քաղաքապետարան այցելողների, հարկ մուծողների երեխաները կարող են հանգստանալ, մինչ իրենց ծնողները կավարտեն իրենց գործերը։ Եվրախորհրդի ֆինանսավորմամբ կձեւավորվի համայնքի ավագանու սենյակը, ձեռք կբերվեն թվային ֆոտոապարատ, միկրոֆոններ, անհրաժեշտ այլ տեխիկա, որպեսզի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը կատարվի պահանջվող որակով։
ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐ
Իջեւանի համայնքապետարանի եւ «Ֆերտի» բարեգործական կենտրոն ՀԿ-ի համատեղ ֆինանսավորմամբ Իջեւան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Աշխատանքներն իրականացրել են Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները: Իջեւանի համայնքապետարանից հայտնեցին, որ համայնքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում նախատեսվում է արեւային ջրատաքացուցիչների տեղադրում:
ՀԱՐՎԱԾԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նսդտավայրում ընթանում է Տիգրան Մովսեսի Մելքումյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. հունիսի 8-ին իր վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ տալու նպատակով հրավիրված լինելով ոստիկանության Տավուշի բաժին,գտնվելով ոստիկանության մայոր Հայկ Խաչատրյանի սենյակ՝ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վերջիններիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետեւ բռնություն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, երկու բռունցքով հարվածել է Արմեն Քոսակյանի կրծքավանադակի շրջանում, որից հետո հարվածել է Հայկ Խաչատրյանին եւ դիմել փախուստի։ Տ. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ