ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բուհերի ընդունելության նոր կարգի համաձայն՝ այս տարի հայտագրումը կազմակերպվելու է երկու անգամ՝ առաջին եւ երկրորդ փուլերով:

 

Այս մասին հայտնել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված մանրամասները:  Առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, կտեւի մինչեւ մայիսի 10-ը: «Դիմորդը, եթե դժվարություններ ունենա, ապա կարող է դիմել դպրոցին, որտեղ իրեն կօգնեն լրացնել հայտերը: Այսինքն՝ անհրաժեշտ աջակցություն կլինի: Նույն կայքն է լինելու՝ dimord.am-ը, այս առումով փոփոխություն չի եղել»,- ասել է նա: Դիմորդները քննությունները հանձնելու են հունիսին: Ընդունելության քննությունների ավարտից եւ ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից  դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին եւ ավարտվելու է հուլիսի 1-ին, քննությունները հանձնելու են հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը: Այս տարի որոշվեց, որ այս թափուր տեղերը լինեն եւ՛ վճարովի, եւ՛ անվճար:

«Նախապատվությունը կառավարությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով, իսկ մնացածները, որոնք բարձր միավորներ ունեին, դուրս էին թողնում մյուսներին իրենց նախընտրած մասնագիտությունց: Արդյունքում ստացվում էր այնպես, որ որեւէ կողմը իր նախընտրած մասնագիտությամբ չէր ընդունվում: Մարդ, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, միավորներով հայտնվում էր այդտեղ, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»,- ասել է Կարո Նասիբյանը:

Գնահատման թեստավորման կենտրոնն արդեն սկսել են մարզերով շրջայցերը՝ մանրամասն ներկայացնելու կարգի հետ կապված փոփոխությունները:

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այս տարի մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքն է կիրառվում: Դա նշանակում է, որ դիմորդներն իրենց նախընտրելի մասնագիտությունը հայտագրում են մեկ բուհում իր անվճար ու վճարովի տարբերակներով: Հիմնական մրցույթն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, ապա հնարավորություն կա հայտագրելու եւս 6 մասնագիտություն այն նույն քննություններով, որոնց առաջին անգամ հայտագրել են: «Հիմնական շեշտը դնում ենք մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունները: Հույս ունենք, որ մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելը կնպաստի ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը, հետագայում արդեն որակյալ մասնագետ դառնալուն»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:

Հայաստանում բուհերի ընդունելության հայտագրումների գործընթացն իրականացվելու է բացառապես առցանց: Մեկնարկը տրվելու է ապրիլի 15-ից: Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար եւ 22 300 վճարովի տեղ:

 

 

 

760 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 873 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 880 290, վերջին մեկ օրում` 3470 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 15713 պացիենտ, մեկ օրում ավելացել է 26-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 177 601 անձ, վերջին մեկ օրում՝ 712 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է:

 




Լրահոս