«ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հրանտ Մաթեւոսյանի որդին՝  Դավիթ Մաթեւոսյանը, որը նաեւ հանդիսանում է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենը, պաշտոնական գրությամբ հրաժարվել է  «Հրանտ Մաթեւոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման եւ գործարկման անարդյունավետ բանակցություններից:

 

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Մաթեւոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը նման վերաբերմունքի արժանացավ կառավարության կողմից:

«Խնդիրը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կառուցման աշխատանքների հետ է կապված, որն առաջացել է 2003 թվականից, երբ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը  եւ մենք՝ ժառանգորդներս, Հրանտ Մաթեւոսյանին բարձր դասող մի խումբ մարդկանց հետ որոշեցինք կենտրոն հիմնել եւ, այդ օրվանից սկսած, կանգնել ենք բազմաթիվ խնդիրների, քաշքշոցների առաջ: 2015թ. սկսվեց շենքի կառուցման աշխատանքները, եւ 2017 թվականին մի մասն ավարատվեց, եւ շարունակությունը, որ շենքը պետք է կենսունակ դառնար, առ այսօր չկա: Մենք անընդհատ ստիպել ենք, հորդորել ենք բանավոր, մասնավոր հարթություններում, գրավոր կերպով էլ ստիպել են, որպեսզի ուշադրություն դարձնեն, եւ, ի վերջո, հասանք այն բանին, որ 2019թ. սեպտեմբերին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը բավականին արդյունավետ էր, եւ մենք մտածեցինք, որ նոր հանգրվանի մեջ ենք մտել, եւ ամեն  ինչ այսուհետ փոքր-ինչ նորմալ կլինի, բայց, ցավոք, մենք հասկացանք՝ ինչ-որ մարդիկ ինչ-ինչ նպատակեր են հետապնդում, եւ, ցավոք սրտի, նրանց նպատակները երկրորդվում են կառավարության կողմից, եւ կառավարությունն ակամա դրա մի մասն է դառնում: Այսօրվա հայտնի պարգեւավճարների սկանդալները, այն փաստը, որ Կենտրոնական բանկի միասնական հաշվին 2020 թվականին մնացել է չռեալիզացված 600 միլիարդ դրամ, եւ խոսում ենք 150 միլիոն  դրամ գումար չունենալու մասին, որի առկայության դեպքում հիմնադրամը կարող է կենսունակ լինել: Մասնավոր խոսակցություններում մեզ ասվում էր՝ պաշտոնական գրությամբ հողամասը նվիրաբերեք պետությանը, եւ անմիջապես շինարարությունը կսկվի: Մենք պաշտոնական գրությունը գրեցինք,  պետությունը մեզ ուղարկում է որոշման նախագիծ, որտեղ գրաված է, որ ֆինանսական միջոցներ հայթայթելուց հետո անորոշ անկատար ժամկետ՝ 6 ամսվա ընթացքում Հայաստանի քաղշենի կոմիտեն կներկայացնի շինարարությունը: Այսինքն՝ որեւէ կրեատիվ, որեւէ նախաձեռնողականություն, ի պատասխան մեր նախաձեռնողականությանը, մեր գրած հայեցակարգի, մեր արած հաշվարկների, բարձրացրած հարցերի, կառավարությունը չի արձագանքել, ուրեմն մենք հրաժարվում ենք նրանց հետ աշխատել »,-նշել է Դավիթ Մաթեւոսյանը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնը ավարտին կհասցվի առանց Կառավարության աջակցության:

«Մեր դիրքորոշումը միշտ եղել է, եթե դուք չեք անում, ուրեմն մենք կանենք: Նախորդ կառավարությունը, ի տարբերություն ներկա կառավարության, ավելի պատվախնդրություն ունեցավ՝ ասելու՝ մենք կկառուցենք, եւ սկսեց կառուցել՝ չնայած այն բոլոր հանգամանքներին, որ մեր եւ իրենց միջեւ առկա էր, իսկ այս կառավարությունը նույնն է ասում եւ ոչինչ չի անում: Ես հրաժարվում եմ նման պայմաններում այս կառավարության հետ համագործակցելուց»,-եզրափակել է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ ԵՎ ԱՍՏՂԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳՈՎ

Բազմաթիվ մրցույթների հաղթողներ ջութակահար Դիանա Ադամյանը եւ դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան համատեղ կամերային համերգով՝ կատարելով  Լ. Վ. Բեթհովենի, Է. Գրիգի, Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները։

 

Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է:  2020 թվականի հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին եւ արժանացել 1-ին մրցանակի: 2018-ին Ժնեւում մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին՝ նվաճելով առաջին մրցանակը: Նույն թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: 2015-ին Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: 2014-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100-ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: Մասնակցել է պրոֆ. Աննա Չումաչենկոյի, Լեոնիդաս Կավակոսի, Պինկաս Ցուկերմանի վարպետության դասերին: Ելույթներով հանդես է եկել Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Դիանան «Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակից է: 2012 թվականից գործունեություն է ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ «YerazArt»  հիմնադրամի հովանու ներքո:

Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008-ին մասնակցել է Գ. Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի: Մասնակցել է նաեւ Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին՝ ստանալով երկրորդ մրցանակը (առաջին մրցանակ չի շնորհվել): 2011-ին Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման եւ 4-րդ մրցանակի: 2016-ին մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne  մրջազգային մրցույթին եւ արժանացել երրորդ  մրցանակի:

 

 

 

 

ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող, թիմի ավագ Մարկո Ռոյսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիին» խփած գոլի շնորհիվ գերազանցեց թիմի նախկին խաղացող, այժմ «Բավարիան» ներկայացնող լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը դորտմունդյան ակումբում։ 31-ամյա Մարկո Ռոյսը դարձավ դորտմունդյան թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ 18 գոլ։ Լեւանդովսկին «Բորուսիայում» 17 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայում։ Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 1։2 հաշվով։

 

 

 

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախագահի առաջիկա ընտրությունում առաջադրվելու մտադրություն հայտնած 32-ամյա իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեն հայտարարել է, որ չէր ցանկանա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել ֆրանսիացի Զինեդին Զիդանին: «Զիդանը չի լինի թիմի գլխավոր մարզիչը ակումբի նոր ղեկավարության ձեւավորման դեպքում։ Ես շատ եմ հավանում Յուրգեն Կլոպին։ Ամեն ինչ լավ է նաեւ Ռաուլի մոտ։ Ֆլորենտինո Պերեսի կողմից պանդեմիայի ժամանակ ընտրություն հայտարարելը անսպասելի էր»,- ասել է Ռիկելմեն։ «Ռեալի» նախագահի թեկնածու դառնալու համար պետք է առնվազն 20 տարի լինել ակումբի անդամ եւ երաշխավորել ակումբի տարեկան եկամուտի 15 տոկոսը, որն այժմ 92,5 միլիոն եվրո է։ Էնրիկե Ռիկելմեն համապատասխանում է այդ պահանջներին։ Նրա ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող Cox Energy-ն է, որն այժմ գնահատվում է 300 միլիոն եվրո։

 

 

ԶԻԴԱՆԸ ԳՈՀ Է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է իր ղեկավարած թիմի ցուցադրած խաղից Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ դիմակայությունում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Արքայական ակումբը տանը առավելության է հասել 3։1 հաշվով։ «Հաղթանակն ուրախացնում է, բայց զգացողությունները միանշանակ չեն։ Մենք գերազանց հանդիպում անցկացրինք, բայց երկրորդ խաղակեսի սկզբում բարդություններ ունեցանք։ Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, սակայն առջեւում դեռ կա պատասխան հանդիպում։ Ուրախ եմ, որ Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ։ Նա դրա կարիքն ուներ։ Վինիսիուսը գերազանց ֆուտբոլիստ է, օգնում է թիմին եւ էներգիայի մեծ լիցք է ստանում, երբ այդպիսի գոլեր է խփում։ Հիմա կվայելենք հաղթանակը, իսկ առջեւում կարեւոր հանդիպում է «Բարսելոնայի» հետ։ Պետք է վերականգնվել մինչեւ այդ խաղը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

 

 




Լրահոս