ArmLur.am-ը խոսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխանություններին չհաջողվեց Հայաստան բերել հայ ռազմագերիներին: Մեր զրուցակիցը վրդովվեց մեր հարցից, հայտարարեց, թե լրագրողներն են հրահրում, որ իրավիճակն այսպես սրվում է: Ավելին՝ պատգամավորը նշեց, թե մենք չգիտենք, թե ինչ է նշանակում թուրք, իսկ երբ նրան հակադարձեցինք, որ իր թիմի շատ անդամներ պատրաստվում են փոխհարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, ասաց, թե նման բան չկա: Մենք փորձել ենք պարզել նաեւ, թե ինչ են պատրաստվում պատասխանել այն զինվորների ծնողներին, որոնք շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը:
-Ի՞նչն է պատճառը, որ իշխանություններին չհաջողվեց գերիներին վերադարձնել, եւ ինքնաթիռը դատարկ վերադարձավ Երեւան:
-Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում թուրք: Չգիտեք:
-Ձեր իշխանությունն ասում է, որ պետք է բարեկամանալ Թուրքիայի հետ, պետք է սկսել իրենց հետ բարեկամություն անել, քանի որ մեր հարեւանն է:
-Այդպիսի բան չկա. եթե ասում եք, որ պետք է հարաբերությունները նոր հողի վրա դնել, դա նշանակում է, որ պետք է դիվանագիտական նոր հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ: Պատմության մեջ նայե՛ք: Եթե ասում ենք՝ նոր հարաբերություններ, դա չի նշանակում բարեկամություն:
-Ինչպե՞ս կարելի է նոր հաաբերություններ ստեղծել, երբ անգամ նրանք մեզ մեր գերիներին չեն վերադարձնում: Պայմանավորվածություն կար՝ գերիների վերադարձի հետ կապված, որը չեն կատարել:
-Իսկ ո՞վ է ասել, որ մենք պետք է բարեկամություն անենք:
-Կոնկրետ պատասխանե՛ք. պե՞տք է ստեղծել նոր հարաբերություններ:
-Կնստենք, կորոշենք, թե ինչ նոր հարաբերություններ լինեն: Երբ մի երկրում մի մասը մտածում է, թե ոնց սեւացնեն մյուսներին, դա շատ ցավալի է: Ես մտածելու բան չունեմ, ես այս երկրի համար 3 անգամ կյանքս դրել եմ, իմ երկրի համար իմ ընտանիքի վրայով եմ անցել, իմ երկրի համար ամեն ինչ արել ու անում եմ: Երբեք վատը չեմ ասել երկրիս համար: Եթե այսօր մի խրտվիլակ իմ ետեւից կանգնի ու գոռա դավաճան, ուրեմն նրա համար նշանակություն չունի, թե ով եմ ես: Շատերի համար գոյություն չունի հայրենիք:
-Պարո՛ն Ասլանյան, Պաշտպանության նախարարության բոլորը մուտքերը փակել են անհետ կորած զինվորների ծնողները: Նրանք պահանջում են իրենց երեխաներին վերադարձնել իրենց: Նրանք սխա՞լ խնդիր են բարձրաձայնում:
-Իշխանությունները ի՞նչ չեն արել, որ հիմա պետք է անեն նրանք, որոնք պետք է գան իշխանության: Քոչին եք ուզում բերել, բերե՛ք:
-Մենք ծնողների խնդիրն ենք բարձրաձայնում, իսկ Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի, հարց ենք ուղղում: Դուք չե՞ք կիսում ծնողների մտահոգությունները: Պատերազմից մոտ 6 ամիս է անցել, եւ, ըստ էության, իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել գերիներին վերադարձնելու համար:
– Առաջին պատերազմում իմ հարազատ հորաքրոջ տղան անհետ կարոծների մեջ է, մինչեւ հիմա էլ անհետ կորած է: Այսինքն՝ առաջին պատերազմում էլ մենք ունեինք անհետ կորածներ: Իմ ընտանիքը այս պատերազմում 2 զոհ է տվել, բայց մենք չենք հելել ու իշխանության գլուխը ջարդել: Մենք համոզված ենք եղել, որ իշխանությունն ամեն ինչ անում է: Այսօրվա իշխանություններն էլ են ամեն ինչ անում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՈՆՍԱԼԵՍԻ
Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանի եղբորորդու դեմ եւ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ է ընդունել, եւ ապրիլի 12-ին կհրապարակվի դատական ակտը: Դատելով իրավիճակից՝ Վճռաբեկ դատարանը բավարարելու է Գլխավոր դատախազի տեղակալի որոշումը եւ Նարեկ Սարգսյանին՝ ֆրանկլին Գոնսալեսին, ամենայն հավանականությամբ կկալանավորեն: Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին կամ բոլորին հայտնի Ֆրանկլին Գոնսալեսին: Վերջինիս ազատ էին արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, եւ քրեական գործը ուղարկվել Է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետեւ դրանք թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած, Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:
Նույն ժամանակահատվածում Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել եւ իրեն պատկանող Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ: Բացի այդ, նա նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել եւ ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առեւանգումը:
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՄԵՆՈՒՐ
Հայաստանում գնաճ արձանագրվել ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքների շուկայում: Պաշտոնապես ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրված թանկացումը այս մարտին, փետրվարի համեմատ, կազմել է 1.6 տոկոս, մինչդեռ նախորդ տարվա համեմատ՝ գրանցվել է 8.4 տոկոսի չափով գնաճ: Թանկացել է նաեւ կահույքը 0.9 տոկոսով, ապակե ամանեղենը, ճաշասպասքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեղորայքի եւ դեղագործական ապրանքների շուկայում է գնաճ արձանագրվել 1.2 տոկոսով: Դեղորայքի գների թանկացմանը նպաստել է եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացումը: Ի դեպ, ոսկերչական զարդերը եւս թանկացել են 1.2 տոկոսով: Խոշոր կենցաղային սարքերի գները բարձրացել են 1.6, իսկ կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 1.7 տոկոսով: Բացի այս, հագուստն ու կոշիկն են թանկացել. պաշտոնապես, հագուստի շուկայում արձանագրվել է 2.4 տոկոս գնաճ, իսկ կոշիկի շուկայում՝ 1.4 տոկոս: Բացի այս, զգալի բարձրացել են մաքրող, լվացող միջոցների գները. այս շուկայում գնաճը կազմել է 2.9 տոկոս:
Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Երեկվանից մեծ իրարանցում է առաջացրել հայ գերիների վերադարձի մասին լուրը, որն ավելի ուշ հերքվեց: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե «Էրեբունի» օդանավակայան է վայրէջք կատարելու հայ ռազմագերիներին Բաքվից Երեւան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը Երեւան է ժամանել առանց գերիների, ինչն էլ զայրացրեց նրանց հարազատներին: «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սակայն հետաքրքիր է, որ Flightradar24.com կայքում, որտեղ հնարավորություն է առկա տեսնել թռիչքները, երեւում է, որ Բաքու-Երեւան եւ Երեւան-Բաքու ուղղություններով ընդամենը 1 չվերթ է տեղի ունեցել երեկ, ընդ որում՝ ժամը 14։00-ի սահմաններում՝ Երեւանից Բաքու ուղղությամբ։
Իսկ Երեւան ժամանած ինքնաթիռը թռիչք կատարել էր Ռուսաստանից: Ինքնաթիռը պատկանել է ռուսական օդուժին: Սակայն ուշագրավ է, որ խաղաղապահ ուժերի ղեկավար Ռուստամ Մուրադովն ասել էր, թե գերիների վերադարձի շուրջ որեւէ պայմանավորվածություն չի եղել: